Ծնողները փորձում են երեխաների այս օրը վերածել իսկական տոնի. Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
«Վերջին տարիներին երեխաների համար բավականին հետաքրքրաշարժ միջոցառումներ են կազմակերպվում, ավելացել են նաև զբոսայգիները, որտեղ երեխաները կարողանում են հաճելի ժամանակ անցկացնել: Այդ փաստն ուրախալի է: Իսկ այսօր իմ 4-ամյա տղային խոսք եմ տվել տանել կենդանաբանական այգի, այս սեզոնին դեռ չենք գնացել, հետո էլ մանկական սրճարան: Ուզում եմ ինչ որ ձևով այս օրը առանձնացնել մյուս օրերից»,- ասաց Արմինեն:
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։
Երևանի քաղաքապետարանը, տարբեր կազմակերպություններ, թանգարաններ նախաձեռնել են օրվան նվիրված մի շարք միջոցառումներ: Իսկ ծնողներն էլ փորձում են իրենց երեխաների համար օրը իսկապես տոնի վերածել: «Ես աշխատում եմ, բայց խնդրել եմ, որ այսօր աշխատանքի չգնամ: 3-ամյա Մանեիս տանելու եմ մանկական երկաթուղի, մեր համայնքում էլ կազմակերպվելու են միջոցառումներ: Կփորձենք մի քանի միջոցառման անպայման մասնակցել»,- ասաց Նունեն:
Իսկ Գոռը, ով ունի 4-ամյա որդի, խոստացել է օրվա առիթով գնել մանկական համակարգիչ. «Ամբողջ օրը իմ համակարգիչն է ուզում, սխալ բաներ է սեղմում, փչացնում, ես էլ զայրանում եմ: Ասեցի` մանուկների օրվա առիթով քեզ մանկական համակարգիչ կգնեմ: Հիմա ամեն օր ասում է` բա երբ է գալու էդ երեխաների տոնը: Ահա հիմա գնում եմ հենց դա առնելու»:
Փորձեցիքն երեխաներից էլ պարզել, թե ուր են ցանկանում, որ իրենց տանեն. «Գազանանոց», «Լունապարկ», «մի տեղ, որտեղ կա հեքիաթների լիքը հերոսներ», «մանկական կաֆե»` հիմնական հնչող պատասխանները:
Այսօր ոչ բոլոր ծնողները հնարավորություն ունեն իրենց երեխաների օրը վերածել իսկապես տոնի` կամ աշխատում են, կամ էլ «հնարավորություն չունեմ»: «Ես աշխատանքի եմ գնում, այսօր միայն մանկապարտեզում կլինի, հետո շաբաթ-կիրակի անպայման տղայիս ինչ-որ տեղ կտանեմ»,- ասաց Գայանեն, իսկ Մարիաննան ասաց. «Շատ եմ ցանկանում տանել ինչ-որ տեղ, բայց հնարավորություն չունեմ: Հազիվ վազեմ աշխատանքի, որ կարողանամ հաց հասցեմ երեք երեխաներիս: Իհարկե, ցավում եմ, որ չեմ կարող, բայց բակում ինչ-որ բան են կազմակերպելու, գոնե դրան կարող են մասնակցել»:
Երեխաներին երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ` ծնողական սեր, խնամք, հոգածություն, ընտանեկան հանգիստ մթնոլորտ, նաև` խաղալիքներ, օրական բակում այլ երեխաների հետ խաղ... Այս ամենն այնքան էլ դժվար չէ ապահովել, հետևաբար յուրաքանչյուր օր երեխայի համար կարելի է վերածել տոնի, իսկ այս օրը՝ «յուրահատուկ տոնի», քանի որ առջևում պատանեկություն, երիտասարդություն, … Ասում են` «ամենաանհոգը մանկության տարիներին են, երանի այն տարիներին»: Փորձենք մեր երեխաների համար հենց այդպիսի մանկություն ապահովել:
Աշխարհում երեխաների պաշտպանությունը նախատեսող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում` 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը, 1989թ. ընդունված Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., իսկ 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: