Կիրո Մանոյան.Պատերազմի դեպքում նավթի օրհնանքը Ադրբեջանի համար կվերածվի անեծքի
Կարճաժամկետ հեռանկարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց ակնկալելը իրատեսական չէ: Անդադառնալով տարծաշրջանային զարգացումներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Այսօր բոլորը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, հասկանում է, որ խնդիրը Ադրբեջանի կեցվածքն է: Ստացվում է, որ նույն այդ միջազգային հանրությունն ազդակներ չունի՝ ներազդելու նրա վրա: Առնվազն ՄԱԿ-ի ԱԽ անդամ լինելու ընթացքում Ադրբեջանն աշխատելու է հարցը տեղափոխել այդ կառույցի ասպարեզ, ինչը նշանակում է, որ մոտ ժամանակներս խնդրի կարգավորման իմաստով ակնկալիքներ չարժե ունենալ»,- նշեց Կիրո Մանոյանը:
Կ. Մանոյանի խոսքով, նույն կարծիքը կիսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և այդ իսկ պատճառով վերջիններիս ջանքերը ուղղված են հիմնականում պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու վրա:
Այնուամենայնիվ, ըստ ՀՅԴ ներկայացուցչի, պատերազմի սպառնալիքը լիովին բացառել չի կարելի: «Ադրբեջանը վստահ չէ, որ կարող է հաղթել պատերազմում, նա իրականում պատրաստ չէ դրան, սակայն պատերազմի հավանականությունը չի կարելի բացառել: Միևնույն ժամանակ պատերազմի վերսկսման դեպքում նավթի օրհնանքը կվերածվի անեծքի, քանի որ նավթը խաղաղություն է սիրում: Սակայն խելահեղ զինումն ու սպառազինումը և այն հայտարարությունները, որ լսում ենք Ադրբեջանի ղեկավարության կողմից, զինադադարի այն խախտումները, որ Ադբեջանը կատարում է, կարող են պատերազմի վերսկսելու առիթ դառնալ՝ անգամ անկախ Ադրբեջանի կամքից»,- նշեց Կիրո Մանոյանը: