Լուսինե Զաքարյանը կդառնար 75 տարեկան. «Անզուգական երգչուհի, հոգևորի փայլուն զգացողությամբ»
«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»,- Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն ասել է Լուսինե Զաքարյանի մասին:
Այսօր լրանում է հայ երգարվեստի նշանավոր ներկայացուցիչ, հոգևոր երաժշտության անզուգական կատարող, Հայաստանի ՍՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, երջանկահիշատակ Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակը: Այդ առիթով, Եզնիկ Կողբացի 42 հասցեում, Լուսինե Զաքարյանի երևանյան բնակարանի շենքի պատին կտեղադրվի մեծանուն երգչուհու հիշատակը հավերժացնող հուշատախտակ, որի հեղինակը քանդակագործ Հայկ Թոքմաջյանն է: Հուշաքարի ստեղծման գաղափարը արժանացել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հավանությանն ու հովանավորությանը: Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Նշենք, որ նախօրեին Հայաստանի ազգային գադարանի նիստերի սրահում տեղի է ունեցել երգչուհու ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում:
Լուսինե Զաքարյան ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում: Մանկուց նա հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: 1952 թվականին, երբ ընտանիքով տեղափոխվել է Երևան, նա ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, իսկ 1957 թվականին՝ Երևանի կոնսերվատորիայի վոկալի բաժինը: Նրա երգացանկը հարուստ է եղել՝ հայկական դասականներից մինչև ռուսական, արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Իր ձայնով նա գերել է ամբողջ աշխարհին: Նրա ձայնը յուրահատուկ արտահայտչականությամբ է հնչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայ ազգը նրան մեծարել է, գովաբանել ու անվանել «մեր Լուսինե»: Նա հայ ազգի հիշողության մեջ մնացել է համեստ, բարի ժողովրդական արտիստ:
Ժողովրդի կողմից շատ սիրված երգչուհու աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։
«Անզուգական երգչուհի, հոգևորի փայլուն զգացողությամբ, որը գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլև այլազգիների սրտերն ու փառքով ներկայացրել Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները»,- ասել է պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը: