Թուրքական բանակում այժմ կա 720.648 զինծառայող
Թուրքիա Հանրապետության բանակի թվակազմը ներկա դրությամբ 720.648 է: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը` վկայակոչելով զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալները:
Աղբյուրի համաձայն` Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային զորքերում այժմ պաշտոնավարում է 327, ժանդարմերիայի հրամանատարական կազմում 33 և ծովափնյա անվտանգության ուժերում 2 գեներալ ու ծովակալ:
Տարբեր նշանակության զորքերի ընդհանուր սպայական կազմը բաղկացած է 39.593 զինվորականներից, որոնցից 33.539-ը ծառայում են ցամաքային զորքերում, 5.463-ը` ժանդարմերիայում, իսկ 591-ը` ծովափնյա անվտանգության ուժերում: Ենթասպայական կազմի ընդհանուր թիվն էլ հասնում է 93.463-ի:
Թուրքական զինուժի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային զորամիավորումներում այժմ ծառայության է անցնում 463.024, ժանդարմերիայում` 199.386 և ծովափնյա անվտանգության ուժերում` 682 մարդ:
Նշենք, որ թուրքական բանակն իր անձնակազմի թվով երկրորդն է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի բանակից հետո: Փորձագետների գնահատմամբ` Թուրքիայի զգալի ժողովրդագրական ներուժը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում իրականացնել բոլոր զորատեսակների զինծառայողների հավելյալ մեծաթիվ համալրում` հավաքագրելով մինչև 18մլն մարդու։