Կովկաս կատարվելիք այցին ընդառաջ՝ ԱՀՀ-ն ԱՄՆ պետքարտուղարին 10 կետից բաղկացած ցուցակ է ներկայացրել
Կովկաս կատարվելիք այցին ընդառաջ՝ Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ պետքարտուղարին 10 կետից բաղկացած ցուցակ է ներկայացրել, որին հետևելու դեպքում` այցը հաջողված կլինի և ավելի կամրապնդի Օբամայի վարչակազմի դիրքերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Հայկական համագումարի» պաշտոնական կայքը:
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է Կովկաս այցելել հունիսի 4-ից 7 ընկած ժամանակահատվածում, որի ժամանակ քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության, տնտեսական զարգացման և մի շարք այլ թեմաներ: Նա Հայաստան կայցելի հունիսի 4-ին, Վրաստան հունիսի 5-ին, Ադրբեջան՝ հունիսի 6-ին և Թուրքիա հունիսի 7-ին:
Ստորև ներկայացնում ենք 10 կետից բաղկացած ցուցակը:
«1. Պետքարտուղարը պետք է հրապարակայնորեն հայտարարի, որ նախագահ Օբաման վերջիվերջո կկատարի իր խոստումը՝ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և կաջակցի, որպեսզի այն պաշտոնական ճանաչվի նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից:
2. Քլինթոնը պետք է պաշտոնական այց կատարի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որի ընթացքում նա ևս կխոստանա ճանաչել Ցեղասպանությունը և կհրաժարվի իր այն տեսակետից, որ այդ երևույթը պատմական քննարկումների թեմա է, ինչպես նաև կհաստատի, որ ԱՄՆ-ի վարչակազմը որպես պատրվակ այլևս չի օգտագործի հայ-թուրքական տապալված արձանագրությունները` Ցեղասպանության ճանաչումը չիրականցնելու հարցում:
3. Նա պետք է հստակ հայտարարությամբ հանդես գա առ այն, որ ԱՄՆ-ն չի աջակցում վերջերս ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված հռչակագրի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև վերջերս Պետդեպարտամենտի կողմից հրապարակած այն զեկույցին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է կազմում:
4. Քլինթոնը պետք է հրապարակայնորեն հրաժարվի Վարչակազմի կողմից արված առաջարկից, համաձայն որի, 19%-ով կկրճատվի տնտեսական զարգացման և ժողովրդավարության կառուցման համար Հայաստանին տրամադրվող օգնության չափը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին տրամադրել Կոնգրեսի կողմից նշանակված օգնությանը:
5. ԱՄՆ-ի և ՀՀ կառավարության միջև հռչակագիր պետք է ստորագրվի, համաձայն որի, երկու երկրներն էլ ավելի կամրապնդեն տնտեսական հարաբերությունները` հայտարարելով երկկողմ առևտրի և ներդրումային ծրագրերի զարգացման մասին:
6. Քլինթոնը Ադրբեջան կատարվելիք այցի ընթացքում բարձրացնել Ալիևի վարչակազմի կողմի սպառնալիքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի աննախադեպ աճի վերաբերյալ հարցը: Նաև պետք է հրապարակայնորեն հայտարարություն անի, որ Սպիտակ տունը կհրաժարվի Բաքվին օգնություն տրամադրելու որոշումից, եթե Ադրբեջանին չհաջողվի Լեռնային Ղարաբաղի հետ առկա հակամարտությանը խաղաղ լուծում տալ:
7. ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելու վերաբերյալ հրաժարում` ներառյալ ռազմական ուղղաթիռների դեռևս չիրականացված գործարքը:
8. Այց Նախիջևանի Ջուլֆա քաղաքի գերեզմանատուն, որտեղ 2005 թվականի դեկտեմբերին, ադրբեջանացի զինվորների կողմից հայկական հազարավոր խաչքարեր են ոչնչացվել:
9.Վրաստան կատարվելիք այցի ընթացքում հրապարակայնորեն հայտարարել Ջավախքին` ԱՄՆ-ի տնտեսական զարգացման աջակցության մասին:
10. Այցելել Ստեփանակերտ՝ ցույց տալու աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ծրագրի իրականցմանը, ինչպես նաև անել հնարավորինս` բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավված լինելու համար և ընդգծել ամերիկյան երկարատև աջակցությունը ժողովրդավարական ինքնորոշման ուղղությամբ»: