2012-ի խորհրդարանը նշանավորվեց բոյկոտներով
Տեղեկացնելով, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանավորվեց նրանով, որ ընդդիմությունը որոշեց բոյկոտել առաջին խորհրդարանական աշխատանքը` «Голос Армении»-ն նկատում է, որ հայկական ընդդիմությունն, առհասարակ, սիրում է կռվից հետո անիմաստ թափահարել բռունցքները:
Թերթը նշում է, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, ՀՅԴ-ն, որն, ըստ երևույթին չէր ցանկանում առաջին իսկ օրվանից ծաղրի առարկա դառնալ, նիստին մասնակցեց, սակայն հրաժարվեց մասնակցել ԱԺ նախագահի ընտրություններին: «Ի տարբերություն ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ինչպես հայտարարում էր Վարդան Օսկանյանը` ո´չ իշխանություն է, ոչ էլ ընդդիմություն, այլ պարզապես այլընտրանք` ոչ միայն մասնակցեց խորհրդարանական առաջին նիստին, այլև քվեարկեց ՀՀԿ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրված Հովիկ Աբրահամյանի օգտին` առանց որևէ այլընտրանք առաջարկելու»,-գրում է թերթը` նկատելով, որ Օսկանյանի հայտարարությունը ԲՀԿ-ի այլընտրանք լինելու մասին հիշեցնում է Տիգրան Կարապետովիչի հայտնի արտահայտությունն այն մասին, որ ինքը ոչ ընդդիմություն է, ոչ էլ իշխանություն, ինքն ուղիղ կենտրոնում է: