Մակեյանն է՞լ է դուրս գալու ՀԱԿ-ից
Անդրադառնալով այն փաստին, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ի սխալ քաղաքականության արդյուքնում այն լքեցին «Հանրապետություն» և Լիբերալ կուսակցությունները` «Голос Армении»-ն ենթադրում է, որ հաջորդը Կոնգրեսը կլքի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Ինչպես նկատում է թերթը, ՀԱԿ-ը կամաց-կամաց փլուզվում է, և արդյուքնում մնալու է միայն ՀՀՇ-ն:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ ժամանակին, երբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարն էր հանգուցյալ Էդուարդ Եգորյանը, այս կուսակցությունը անջատվել էր ՀՀՇ-ից, քանի որ Եգորյանը համամիտ չէր այն ժամանակ ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից իրականացվող կործանարար քաղաքականությանը, իսկ ուղիղ 10 տարի անց արդեն Պետրոս Մակեյանի ղեկավարմամբ «Ժողովրդավարական հայրենիքը» կրկին միացավ ԼՏՊ-ին:
«ГА»-ն նշում է, որ ի տարբերություն ՀՅԴ-ի, որն իր պարտության պատճառը տեսնում է միմիայն իշխանությունների դավադրության մեջ, Պետրոս Մակեյանն այսօր արդեն հայտարարում է, որ խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի հավաքած ձայների քչությունը պայմանավորված է հենց Կոնգրեսի սխալ քաղաքականությամբ: Ըստ Մակեյանի` ՀԱԿ-ի առաջին սխալն իշխանությունների հետ երկխոսելն էր, իսկ երկրորդը` ԲՀԿ-ի հետ համագործակցելու փորձերը, ինչի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» տարավ Կոնգրեսի ընտրազանգվածի ձայների զգալի մասը: Թերթը նկատում է, որ մաս-մաս փլուզվող ՀԱԿ-ն այսօր իր շարքերը լքող գործիչների նկատմամբ որդեգրել է մի տեսակ բոլշևիկյան քաղաքկանություն. «Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է, կամ առնվազն տականք է»: