Հոգեբան. Դիմորդն ու ծնողը պետք է հասկանան, որ քննության հաջողությունն ու անհաջողությունը ճակատագրական չէ
«Նորմալ երևույթ է, որ դիմորդներն ու նրանց հարազատները բուհական ընդունելության քննությունների ընթացքում սթրեսային վիճակի մեջ են հայտնվում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ տարօրինակ կլիներ, եթե դիմորդներ ունեցող ընտանիքները որոշակի լարվածության մեջ չընկնեին: Սակայն, ըստ հոգեբանի, երբեմն այս սթրեսային վիճակը ծայրահեղության է հասցվում, մարդիկ իրենց ավելի ուժեղ հուզական վիճակի մեջ են դնում:
«Սթրեսը հույզերի հետ կապված երևույթ է, սակայն մեր իրականության մեջ այդ երևույթը շատ հաճախ ավելի բուռն է արտահայտվում, ինչը հանգեցնում է հոգեբանական ծայրահեղ վիճակների: Դրա համար մարդիկ այդ հուզականությունը պետք է պահպանեն ողջամտության սահմաններում»,- ասաց Կ. Նալչաջյանը:
Իսկ ինչ պետք է անել, որպեսզի սթրեսները նվազագույնի հասցնեն, հոգեբանը կարծում է, որ եթե մարդկանց մեջ արմատացած լինի այն զգացողությունը, որ քննություններն արդար են լինելու, սթրեսային վիճակը որոշակիորեն կնվազի: Բացի այդ, Կ. Նալչաջյանը գտնում է, որ մարդիկ պետք է ճիշտ գնահատեն իրենց երեխաների հնարավորությունները։ «Սակայն շատ հաճախ մարդկանց մոտ ինքնագնահատականն ավելի բարձր է լինում, քան իրականում կա, ինչը ևս լրացուցիչ լարում է առաջացնում: Մինչդեռ այն մարդիկ, ովքեր իրենց հնարավորություններն ավելի ճիշտ են գնահատում, ապա դա թույլ կտա որոշակիորեն սթրեսային իրավիճակը նվազեցնել»,- ընդգծեց Կ.Նալչաջյանը:
Հոգեբանի խոսքերով՝ այսօր թե երեխայի, թե ծնողի համար բուհ ընդունվելը դառնում է կյանքի հիմնական նպատակ: Բուհ ընդունվելն, իհարկե, ըստ հոգեբանի, կարևորագույն խնդիր է, քանի որ մարդը կարող է անձնական կյանքում լինել ինքնահաստատված և երջանիկ, բայց ամբողջ կյանքում կարող է տառապել այն պատճառով, որ մասնագիտության հարցում ժամանակին սխալ է թույլ տվել: «Դրա համար դիմորդն ինքը պետք է ընտրի իր մասնագիտությունը, իսկ ծնողների դերն այստեղ պետք է միայն այն լինի, որ ուղղություն ցույց տան երեխային, այլ ոչ թե ուղղորդեն նրան «ընտրել» իր չուզած մասնագիտությունը»,- նշեց հոգեբանը:
Բացի այդ, ըստ Կ.Նալչաջյանի, դիմորդն ու ծնողը պետք է հասկանան, որ քննության հաջողությունն ու անհաջողությունը ճակատագրական չէ: «Ծնողները պետք է բոլոր հնարավորությունները ստեղծեն, որ երեխան գիտելիքներ ստանա, բայց չի կարելի դա դարձնել ճակատագրական ինչ-որ բան, քանի որ բուհ ընդունվել- չընդունվելը ամենևին էլ ինչ-որ բանի վերջ չէ: Ի վերջո, եթե երեխան սովորելու ցանկություն ունի, նա կընդունվի և կսովորի»,- ասաց հոգեբանը:
Հարցին, թե արդյոք սթրեսի պատճառ չի կարող լինել այն, որ ծնողը ինչպիսի սոցիալական վիճակում էլ գտնվի, վերջին գումարը տալիս է, որպեսզի բուհ ընդունվելու համար երեխան կրկնուսույցի մոտ պարապի, Կ.Նալչաջյանը նշեց, որ այս դեպքերում, բնականաբար, սթրեսն ավելի մեծ է լինում: Ըստ նրա՝ ավելի ուժեղ սթերս լինում է բուհ ընդունվելուց հետո, երբ լավ սովորող երեխան ուսման վարձը չմուծելու համար դուրս է մնում բուհից: «Դասախոսներիս համար էլ մեծ սթերս է լինում, երբ մեր լավագույն ուսանողին չի թույլատրվում մասնակցել քննություններին: Սա մեր կյանքի իրողություն է: Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ սթրեսածին պատճառները բազմաթիվ են»,- ասաց Կ.Նալչաջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են