ԱՄՆ պետքարտուղարը կրկնեց` «Գնդակը դեռևս Թուրքիայի դաշտում է. Ոչ մի նախապայման»
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն այսօր Երևանում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հարևան երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Այդ թվում` Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու հայ-թուրքական արձանագրությունների կարգավիճակը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱՄՆ-ից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան:
«Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև բարելավված հարաբերություններ, քանի որ դա արդյունավետ կլինի երկու երկրների ժողովուրդների համար: Մենք, իրոք, աջակցում ենք հայ-թուրքական արձանագրությունների` առանց որևէ նախապայմանների ստորագրմանը: Ողջունում ենք Հայաստանին և անձամբ պարոն նախագահին, որ այս հարցում բավականին ջանքեր է գործադրել»,- մասնավորապես հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Եվս մեկ անգամ կրկնելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անհրաժեշտությունն առանց որևէ նախապայմանի` Հ.Քլինթոնը հիշեցրեց այն, ինչ ասել էր դեռևս երկու տարի առաջ Երևանում.
«Գնդակը դեռ Թուրքիայի դաշտում է, Հայաստանն իր գործն արել է: Ես ուրախ եմ տեսնելու, որ թե Թուրքիայում և թե Հայաստանում հասարակության մեջ շատ են քննարկումները, ինչը կարևոր է երկու կողմերին էլ առաջ շարժվելու համար»,-հավելեց իր խոսքը պետքարտուղարը:
Անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան հարաբերություններին` Հ.Քլինթոնն ընդգծեց, որ չկա կապ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ու ԼՂ հակամարտության կարգավորման միջև.
«Մի հարցի կարգավորումը չպետք է կապվի կամ նախապայման լինի մյուսի համար »,- հայտարարեց նա ու ավելացրեց, որ տարածաշրջանային այս երկու կարևոր հարցերում էլ ԱՄՆ-ն եղել է և կմնա ակտիվորեն ներգրավված, քանի որ.
«Մենք հավատացած ենք, որ այս երկրները պետք է բաց սահմաններ ունենան, իրար հետ առևտուր անեն, մարդիկ պետք է հատեն սահմանները, որովհետև երկու կողմերի համար էլ դա կարևոր է: Եվ այսօրվա իմ այցի նպատակներից մեկը շարունակելն է աշխատել այս երկու շատ կարևոր, բայց միմյանցից չկախված ու միմյանցից անջատ հարցերի վրա»:
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքեց ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև տարվող որևէ բանակցությունների մասին լուրերը.
«Եվս մեկ անգամ հայտարարեմ` բանակցություններ չկան, չեն էլ կարող լինել: Դրանք ավարտվել են, որոնց արդյունքում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրություններ, որոնք այսօր Թուրքիան չի ցանկանում հարգել և իրականացնել ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելով: Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշելու. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների և դա միջազգային հանրության մոտեցումն է, որի մասին նշեց նաև ԱՄՆ պետքարտուղարը »,- ընդգծեց Է.Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները