Չինարիի դեպքը տխրեցրել է Քլինթոնին, և նա խոստացել է «լուրջ հարցեր» տալ Ադրբեջանի ղեկավարությանը
«Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված» -քիչ առաջ նախագահական նստավայրում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` մեկնաբանելով այսօր ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին լուրը: Նա ասաց, որ իրեն մտահոգում է զինվորների մահը. «Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի»:
«Վաղը չէ մյուս օրը կլինեմ Բաքվում և լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին: Ես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով և այդ ուղղությամբ ճանապարհ պետք է գտնվի», -հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարը:
Նա հորդորեց կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Լուծումը հնարավոր է միայն բանակցային սեղանի շուրջ»,- հավելեց ԱՄՆ Պետքարտուղարը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:
Վիրավորները վեցն են եղել` հինգ զինծառայող և մեկ սպա. ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը և Կորյուն Ռոբերտի Իրիցյանը: Նրանց առողջական վիճակը, ինչպես Panorama.am-ին տեղեկացրել էր ՊՆ ռազմական բժշկության վարչության պետ Արտաշես Փարսադանյանը, ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
ՊՆ լրատվական ծառայությունը նաև տեղեկացրել էր, որ միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան