Հ.Քլինթոնը ՀՀ նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման կոնկրետ գաղափարներ
«Մենք մտահոգված ենք այդ միջադեպի կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից` այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այս հիմնախնդիրը պետք է լուծել միայն սեղանի շուրջ` բանակցությունների միջոցով: Իհարկե, մտահոգված ենք, քանի որ այս հարցը կարող է վերածել էլ ավելի լայն միջադեպի, որը բավականին ծանր հետևանքներ կունենա»,- այսօր Երևանում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` անդրադառնալով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտմանը:
Հ.Քլինթոնը, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են այս ամենով, ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ որոշ կոնկրետ գաղափարներ է քննարկել:
«Ես նախագահին հստակորեն ասացի, որ ԱՄՆ-ն հավատացած է, որ խաղաղ գործընթացը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա: Մենք կշարունակենք մեր ջանքերը հետագայում. կհանդիպեն մեր արտգործնախարարները, մենք նոր գաղափարներ ենք առաջարկելու, որովհետև հավատացած ենք, որ բոլորի շահերից է բխում խուսափել ուժի կամ սպառնալիքի կիրառումից»,- ընդգծեց տիկին Քլինթոնը:
Համատեղ ասուլիսում այսօրվա ողբերգական միջադեպին անդրադարձ կատարեց նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` շեշտելով, որ Հայաստանը խստորեն դատապարտում է այն կոպտագույն սադրանքները, որ կազմակերպվել են ադրբեջանական կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան.
«Չբավարարվելով նրանով, որ, փաստորեն, ամեն օր խախտումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի շփման գծում` ադրբեջանցիները փորձում են տեղափոխել լարվածությունը , սրել իրավիճակը նաև Հայաստնի և Ադրբեջանի սահմանին, որը բավական վտանգում է բանակցային գործընթացը... և ոչ միայն դա, այլև`վտանգում է տարածաշրջանային կայունությունը: Ինչի բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- հավելեց իր խոսքը ՀՀ ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ ձեռնարկված միջոցառումների և հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան