«ԱՄՆ-ն պատրաստակամ է օժանդակել և աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ». Հ. Քլինթոնը` Ս. Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է.
«Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք: Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում և այսօր գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խորը պատմություն ունեն, և ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք խոսել այն մասին, որ մեր լավ հարաբերությունների ստեղծմանը նպաստել են ինչպես մեր երկու ժողովուրդների այդ կապերը, Միացյալ Նահանգներում բնակվող հոծ հայկական համայնքը, այնպես էլ ազատության, արդարության, ժողովրդավարության գաղափարները:
Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները մշտապես կառուցվում են փոխադարձ հարգանքի և վստահության վրա, և մշտապես կարող ենք անկեղծորեն քննարկել ցանկացած հարց, որ հետաքրքրում է կողմերից մեկին: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում:
Եվ ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Բարով եք եկել»:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Պարո՛ն Նախագահ, ինձ համար պատիվ է կրկին գտնվել այստեղ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում: Վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցել է Հայաստանի հետ: Մենք մեծապես արժևորում ենք մեր գործընկերությունը Հայաստանի հետ, և շարունակում ենք սատարել Հայաստանի և նրա ժողովրդի զարգացմանն ու աճող բարեկեցությանը:
Ես և Նախագահ Օբաման բարձր ենք գնահատում Ձեզ հետ ունեցած մեր շփումները: Ես և Դուք շատ ու շատ զրույցներ ենք ունեցել, և ինչպես Դուք նշեցիք, դրանք շատ անկեղծ են եղել, ինչն էլ բնորոշ է ընկերներին: Եվ ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Այսպիսով, ակնկալում ենք շարունակել երկխոսությունը: Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել և աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ:
Իհարկե շատ ուրախ եմ նաև տեսնել պայծառ արևոտ եղանակ: Մենք Արկտիկայում և հեռավոր հյուսիսում էինք, և իհարկե ինձ հետ ճանապարհորդող բոլոր ամերիկացիներն ուրախ են տեսնել գեղեցիկ արևոտ եղանակ Երևանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան