Ոստիկանապետը դարձյալ բարկացել է ՃՈ աշխատակիցների վրա. Եղել են աշխատանքից ազատումներ
Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 1-ին ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության (ՃՈ) գնդապետ Արսեն Կյուրեղյանին կաշառք ստանալու պահին ձերբակալելու մասին լուրից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ՃՈ 5 աշխատողներ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա ասաց, որ ՃՈ համակարգից ծառայողների աշխատանքից ազատումները միտված են «կոնկրետ ծառայությունների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:
Իսկ հարցին` ճի՞շտ են տեղեկությունները, թե գնդապետի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, Ահարոնյանը պատասխանեց. «Բացարձակ, նման բան չի կարող լինել»:
Հունիսի 1-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՃՈ աշխատակիցների հետ արտահերթ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում նա շատ խիստ գնահատականներ է հնչեցրել:
Նշենք, որ այս տարվա ընթացքում ոստիկանապետը մի քանի անգամ խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության համակարգի աշխատակիցների հետ և զգուշացրել, որպեսզի նրանք հեռու մնան արատավոր երևույթներից:
Մասնավորապես, հունվարի 20-ին նույն ՃՈ աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ՄՌՈւ-ներում հերթերի հետ կապված Ոստիկանապետը հայտարարել էր. «Ի՞նչ է նշանակում` հերթը առաջ գցելու համար փող են վերցնում, գժվե՞լ եք դուք, ես ասեցի ձեզ չանել այն, ինչ-որ մենք տեսնում ենք անհարմար է և չի կարելի նման բաներ անել: Ես պտի գնամ էն քայլին, որ ամբողջ «գային» (ՃՈ) կլուծարեմ, կլուծարեմ մի գիշերվա մեջ: Բացարձակապես մարդ չեմ թողի, որ իմանաք, որ նման որոշումներ էլ կարող են կայացնել ստեղ»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 1-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:
Նա առանց համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց օրենքով սահմանված վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել և ստացել է 150 հազար դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան