Պատրաստվում էին Քլինթոնի այցին. Նա Երևանում կլինի այսօր
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր կայցելի Հայաստան: Ըստ երևույթին, հենց նրա այցի հետ էին կապված երեկ ուշ երեկոյան Զվարթնոց օդանավակայանը մայրաքաղաքի կենտրոնին կապող Իսակովի պողոտայում ակտիվորեն ընթացող մաքրման, լվացման աշխատանքները: Դրանց իրականացման համար ՃՈ աշխատակիցները հատվածաբար փակում էին ճանապարհը:
Հիշեցնենք, որ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդի հայտարարության համաձայն, մայիսի 31-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Քլինթոնը կլինի Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:
Կովկասում պետքարտուղարը կլինի հունիսի 4-7-ը: Բոլոր այս երկրներում, ըստ աղբյուրի, Քլինթոնը կքննարկի տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման վերաբերյալ հարցեր:
Հայաստան ամերիկացի պաշտոնյան կայցելի հենց հունիսի 4-ին: Նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Երևանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո նախատեսված է համատեղ ճեպազրույց:
Հայաստանից նա կուղևորվի Վրաստան, Բաթումիում կբացի ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության կոմիտեի լիագումար նիստը, ապա կլինի Ադրբեջանում, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ:
Շրջագայությունը Քլինթոնը կավարտի Ստամբուլում: Այստեղ նա կվարի գլոբալ հակաահաբեկչական ֆորումի նախարարների հանդիպումը:
Կքննարկվեն նաև Սիրիայի ու Իրանի վերաբերյալ հարցեր: