Դիվերսիոն գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի միջազգային հանրությունը…
«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իրավիճակը սահմանագծում սրել: Այդ երկրի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում իրավիճակը տարածաշրջանում շարունակում է անկայուն մնալ»,- մեկնաբանելով Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի իրականացրած գործողությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական դիվերսիոն խումբը թիկունքից հարձակում է իրականացրել Չինարի գյուղի մերձակա հայկական հենակետերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից, նախնական տեղեկություններով, 3 զինծառայող զոհվել է, ևս 5ը՝ վիրավորվել են:
Հարցին, թե՝ ի՞նչ խնդիր են լուծում ադրբեջանական դիվերսիոն խմբերը և ինչո՞ւ են դիվերսիոն գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձել, Ս. Պետրոսյանը նշեց. «Ադրբեջանին ձեռնտու չէ տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը, իսկ նման դիվերսիոն գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի միջազգային հանրությունը գործուն քայլեր չի ձեռնարկում դրանց կասեցման համար»:
Նրա խոսքերով, միջազգային հանրությունը ցանկացած նման դեպքից հետո ինչ-որ դեկլարատիվ, ընդհանրական հայտարարություններ է հնչեցնում, ինչը պարարտ հող է ստեղծում ադրբեջանական կողմի համար: