Վազգեն Սաֆարյանը առաջարկում է Հայաստանում ստեղծել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն
Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ նոր ձևավորվելիք նախարարության հիմնական նպատակը պետք է լինի արդյունաբերության զարգացման համար միջոցների հայթհայթումը և էժան վարկերի հատկացումը տնտեսությանը:
Բացի այդ, Վ.Սաֆարյանն առաջարկում է ստեղծել արդյունաբերության ընդհանրական զարգացման նոր հայեցակարգ, որպեսզի այս ոլորտում պետություն-մասնավոր հատված կապերն առավել խորանան: Նրա խոսքերով՝ պետք է առաջնահերթություններ սահմանվեն, որոնց շարքում նա առանձնացրեց գունավոր մետալուրգիան, սև մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը: Մասնավորապես՝ Սյունիքում հարկավոր է հիմնել նոր պղնձաձուլարան, որպեսզի Հայաստանը պղնձի խտանյութի փոխարեն արտահանի սև պղինձ (պղնձի 99.2% պարունակությամբ), իսկ զտարանի կառուցումից հետո արդեն հնարավոր կլինի արտահանել կատոդային (մաքուր) պղինձ: «Արտահանմանն ուղղված քաղաքականությունը պետք է կոնկրետանա և որոշակի նոր ոլորտներ ընդգրկի»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Անդրադառնալով արտաքին պարտքի խնդրին, նա նշեց, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 633 մլն դոլար և դա տնտեսության վրա բավականին լուրջ ծանրություն է: «Առավել ևս, որ այդ գումարները օգտագործվել են կառուցվածքային բարեփոխումների վրա և դրանց չնչին մասն է ուղղվել արդյունաբերություն»,- ասաց նա:
Հայրենական արտադրողների միության նախագահը նշեց նաև, որ այսօր աշխատանքներ պետք է տարվեն արդյունաբերության ոլորտը վարկավորելու ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս օգտագործել Սփյուռքի ներուժը և Հայաստանի տնտեսությունում որպես վարկատուներ ներգրավել սփյուռքահայերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները