Թուրք կանայք բողոքում են աբորտ անելու իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ
Ստամբուլում կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել աբորտները սահմանափակող օրինագծի դեմ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքական մի շարք քաղաքների փողոցներ, տարբեր գնահատականներով, 3-4 հազար կին է դուրս եկել: Նրանք ձեռքներին ունեցել են «Իմ մարմինը, իմ ընտրությունը», «Ձեռքերդ հեռու իմ մարմնից», «Թայիփ, դա քեզ չի վերաբերում» գրություններով պաստառներ: Նրանց աջակցել են ամուսինները: «Կանայք ինքնուրույն կսկսեն իրենց աբորտ անել, ինչը կբերի հազարավոր մահերի: Այդպես է եղել մինչև աբորտները օրինականացնելը, և այդպես կլինի նոր օրենքի ընդունումից հետո»,- ասել է ակցիայի մասնակից կանանցից մեկը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարճ ժամկետներում ընդունվի օրենք, որը սահմանափակելու է հղիության արհեստական ընդհատման քանակը: Նրա կարծիքով, աբորտը հավասարազոր է սպանության և պետք է արգելքի տակ լինի: Օրինագծի համաձայն, որը դեռ լրամշակման փուլում է, աբորտ կարող են անել միայն կանայք, որոնց հղիությունը չորս շաբաթից չի անցել:
Հղիությունն ընդհատող վիրահատութունը Թուրքիայում օրինականացվել է 1983 թվականին: Օրենքի համաձայն, աբորտ կարող են անել մինչև հղիության տաս շաբաթականը: Ամուսնացած կանանցից պահանջվում է ամուսնու թույլտվությունը, բացառությամբ այն դեպքերում, երբ պտուղի պահպանումը կարող է վտանգ սպառնալ մոր կյանքին:
Նախորդող նորություն` Հայ կանանց 5 տոկոսն ունեցել է 6 կամ ավելի աբորտ. Ովքե՞ր են առավել հաճախ դիմում աբորտի