Հայաստանում և ԼՂՀ-ում մեկնարկեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը
Այսօր անցկացվեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը, որին մասնակցելու համար հայտագրվել էր 11 795 դիմորդ: Հայաստանի Հանրապետությունում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննությունը անցկացնելու համար ձևավորվել է 14 քննական կենտրոն, իսկ ԼՂՀ-ում` 8 քննական կենտրոն:
Երևանի պետական համալսարանում ձևավորված քննական կենտրոնում այսօր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն պետք է հանձներ 357 դիմորդ, սակայն 16-ը բացակայել է:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, Գնահատման և թեստավորման կենտրոնի խորհրդի անդամ Մանուկ Մկրտչյանը նշեց, որ այս տարի «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» առարկաների առաջադրանքները կազմվել է ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարաններից: Ըստ նրա` «Հայոց լեզու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննությունները կարևոր են նաև վերլուծության իմաստով, որպեսզի հասկանան, թե շտեմարանով կազմակերպած քննությունները ինչ արդյունք կտան: «Այդ վերլուծության արդյունքում կհասկանանք, թե արդյոք արժե մնացած առարականների առաջադրանքներն էլ շտեմարանով կազմենք, թե ոչ»,- ասաց փոխնախարարը:
Մ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ Հայաստանում իրականացնում են ՀՀ վարչապետի և ԿԳ նախարարի որդեգրած քաղաքականությունը, ըստ որի` ընդունելությունը պետք է ավելի հեշտ լինի, իսկ սովորելը` դժվար: «Եւ շտեմարաններով թեստերի կազմելը առաջին քայլն է»,- ասաց նա և հավելեց, որ շտեմարաններում դժվար վրիպակներ հայտնաբերվեն, բայց եթե լինեն տեխնիկական խոտաններ, վրիպակներ, ապա դրանք կօգտագործեն ի օգուտ դիմորդի:
Նա նշեց նաև, որ մեկ այլ փոփոխության համաձայն, այս տարի մրցույթից դուրս մնացած, բայց դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել թափուր տեղերի համար հայտարարվող մրցույթին։
Նշենք, որ 2012-13թթ. ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16 845 դիմորդ, ընդ որում՝ նրանցից 11 795-ը քննությունն են հանձնում հենց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա