Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների
Սենդայ.
Արևային ակնոցները մոռացել էի: «Սուրբ» գործ է՝ մոռանալ վերցնել գոնե մի բան, երբ նույնիսկ պաշտոնական պատվիրակության հետ ես… Հայաստանից Ճապոնիա ճանապարհը երկար է. մտքերը՝ շատ. Հետաքրքիր բան է կյանքն էլ, քաղաքական կյանքն էլ. Այդպիսի հարևաններ ունենալ ու աշխարհի կես անցնել` բարեկամներ գտնելու համար…
Կասեի՝ հետաքրքիրն այն բառը չի:
Ի դեպ՝ առաջին հիասթափությունս «Ճապոնիայից»... Իրկուտսկում էր: Իրկուտսկի վրա, այսինքն: Նայում եմ ինքնաթիռից՝ քաղաք է` սովետ-ստանդարտ: Բավական տանջվեցի, որ գոնե նմանեցնեմ չտեսածս եվրոպականին: Երբ իմացա, որ սխալվել եմ ու սա դեռ Ճապոնիան չէ, այ այդ ժամանակ արդեն Ճապոնիան հետաքրքրացավ ու դարձավ իսկական «մարտահրավեր»:
Սկսվեց այս երկիրը օվկիանոսից: Ափ, որ կրկին հիշեցրեց ցունամին ու երկրաշարժի ժամանակվա ծագած միտքս՝ «փախչելու տեղ էլ չունեն…»: Կարծես թե մի շենքից ավել փախչելու տեղ կամ ժամանակ կար: Կամ՝ … փախչել ցանկացողներ կայի՞ն:
ՀՀ նախագահի՝ Ճապոնիա պաշտոնական այցի առաջին քաղաքը Սենդայն էր: Հիշեցնել պետք չէ՝ 2011 թվականի մարտի հզոր երկրաշարժն ու ցունամին այս քաղաքը դարձրեցին… հայաստանյան Սպիտակ: Հետո սակայն հասկացա, որ ճապոնացիները բնական աղետի հետևանքները երկու տարում այնքան էին վերացրել, ինչքան որ մենք չէինք կարողացել քսան տարում:
Սկզբում չհասկացանք էլ, որ մտել ենք քաղաք: Շուրջը միայն հարթ կանաչ էր: Սկսեցի ուշադիր նայել, երբ նկատեցի, որ կանաչը ասես մայթեզրի քարերով քառակուսիների է բաժանած: Մի բաժանում չէ, երկու չէ, երեք չէ…
Շենքերի տեղերն են…
Ես մոլորվեցի:
Լրիվ կորցրեցի ինձ անշենք, լրիվ սրբած, անտուն քաղաքում:
...Պատվիրակությունը հասավ «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ցունամիի զոհերի հիշատակին:
Համալիրը համալիր մի պատկերացրեք՝ փոքրիկ բլրակ, վրան փայտե սյուներ, վրան գիր:
Այ՝ հուշահամալիրը դրա շուրջն էր…: Ասես կյանքը մաքուր սրբած-մաքրած-տարած:
Տեղ-տեղ ճզմված մեքենաների կույտեր:
Մեկի մոտ մանկական հեծանիվ եմ նկատում...
Բոլոր ներկաները ծաղիկներ դրեցին ցունամիի զոհերի հիշատակին: Նատորիի փոխքաղաքապետ Տակամոտո Օտան էր ներկայացնում հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը:
Լսելիս ակամա նայում էի նրանց` հասկանալու ճապոնացու վիշտը:
Զուսպ դեմքեր:
Երևի դա էր պատճառը, որ, երբ մոտեցանք Նատորիի վերականգնողական կենտրոն, ես անակնկալի եկա ուրախ ծափերից ու բարձր ուրախ ձայներից: Հայկական փոքրիկ եռագույները ձեռքներին, հասուն ու տարեց մարդիկ երեխաների պես ուրախ դիմավորում էին նախագահին:
Մտան կենտրոն:
Մի կին սկսեց աշխույժ խոսել մերոնց հետ: Ճապոներեն: Խոսում է, խոնարհվում ու ծիծաղում կարճ:
Հայացքով որսաց ինձ ու սկսեց ինձ ինչ-որ բաներ ասել: Ես չդիմացա, սկսեցի խոնարհվել իր պես: Խոնարհվում էի ու էլի բարձրահասակ էի մնում:
Կինն սկսեց ուրախ ծիծաղել. կարծում եմ իմ փորձերի վրա:
Պատրաստվում էի լուսանկարել մի քանի «հետաքրքիր կերպար» ևս, երբ մի ծեր մարդ անցավ մանկական սայլակ քշելով, մեջը՝ մազակապիչներով շնիկ... Ես հիշեցի, որ սա վերականգնողական կենտրոն է, նորից հիշեցի ավերը, նորից նայեցի մարդկանց... ու նկարեցի շեմքին շարած կոշիկները՝ կենտրոն ոտաբոբիկ են մտնում:
Ովքեր չէին մտել կենտրոն, միհարկանի տան պատուհաններից համերաշխ նայում էին, թե ինչպես գետնին նստած ճապոնացիները ուշադիր լսում են ՀՀ նախագահին ու հերթով գլուխ են խոնարհում...
Տարօրինակ երկիր է հավանաբար Ճապոնիան: Իրենց վշտի մեջ խնայում են դիմացինին, իրենց երկիրը դարձրել են աշխարհի կենտրոն ու սկիզբ, որտեղից արևն է ծագում անգամ...: Ու խոնարհվում են Ճապոնիա եկած բոլորի առջև:
/Պաշտոնական-ճամփորդական փորձեր. Շարունակելի/