Ս. Մինասյան. ԱՄՆ-ում հասկանում են Հայաստանի համար Իրանի խնդրի զգայունությունը
«Ես կարծում եմ, որ Հ. Քլինթոնի այցը չափազանց մեծ նշանակություն ուներ հայ-ամերիկյան հարաբերությունների համար: Նաև չափազանց մեծ կարևորություն եմ տալիս այն փաստին, որ պետքարտուղար Քլինթոնը հավանություն տվեց խորհրդարանական ընտրությունների անցկացման մակարդակին»,- անդրադառնալով երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան և Երևան կատարած այցին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ մի շարք խնդիրներում` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, սահմանային միջադեպի հետ կապված, ԼՂ շփման գոտում լարվածության նվազեցման հանդիպումների հետ կապված, ԱՄՆ-ի դիրքորոշումները համապատասխանում են Հայաստանի դիրքորոշումներին:
«Այդ առումով, Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությունը, որ Բաքվում Իլհամ Ալիևի հետ շատ «լուրջ» զրույց կունենա, ես մեծ նշանակություն եմ տալիս: Սակայն հասկանալի է, որ նվազեցման համար ամենալուրջ լծակը հենց հայկական կողմերի համարժեք պատասխանն է, որը մենք տեսնում ենք»,- հավելեց Ս. Մինասյանը:
Քաղաքագետն անդրադարձավ նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և նշեց, որ այն փաստը, որ հայաստանում ԱՄՆ պետքարտուղարը Իրանի առնչությամբ ոչ մի հայտարարություն չի հնչեցրել, խոսում է այն մասին, որ «ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են Հայաստանի և Իրանի հարաբերությունների առանձնահատկությունները և, առնվազն, հասկանում են Հայաստանի համար այդ խնդրի նշանակությունն ու զգայունությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա