«Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաների բողոքարկումը սկսվել է
Այսօր՝ ժամը 9.00-ից սկսվել է «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաների բողոքարկումը: Քննական կարգի համաձայն` քննությունների արդյունքները հրապարակվում են տվյալ քննությունից հետո` 5-րդ օրը: Պաշտոնական հրապարակման հաջորդ օրն իսկ դիմորդը կարող է բողոքարկել քննական արդյունքները: Տեղեկացնենք, որ երեկ պաշտոնապես հրապարակվել են քննությունների արդյունքները:
Panorama.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը նշեց, որ դիմորդը քննական արդյունքի հետ անհամաձայնության դեպքում կարող է բողոքարկել այն նույն կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը:
Նրա խոսքերով՝ Երևանի երկու քննակենտրոններում ականատես են եղել հետևյալ պատկերին՝ դիմորդները հստակ ձևակերպումներով են ներկայանում քննակենտրոն: «Օրինակ՝ կենսաբանություն առարկայից բողոքարկումը կապված է թեստերի խնդիրների պատասխանների հետ: Մասնավորապես, դիմորդները պատասխանները չեն կլորացրել, մինչդեռ ԳԹԿ-ն խնդիրների պատասխանները կլորացված է տեղադրել: Բնականաբար, համակարգիչն էլ նրանց պատասխանը սխալ է համարել: Այսպիսով, երեխաները բողոքարկում էին՝ վերանայել առաջադրանքների պատասխանները»,- ասաց Գ.Մանուկյանը:
Ըստ նրա՝ դեռ հայտնի չէ, թե կենսաբանություն առարկայից քանի դիմորդ է բողոքարկել: Նա նշեց, որ ընդհանուր պատմություն առարկայից բողոքարկել է մեկ դիմորդ, իսկ աշխարհագրությունից բողոքարկումներ չեն եղել:
Գ.Մանուկյանը տեղեկացրեց, որ բողոքարկման գործընթացի ավարտից հետո մարզերում ձևավորված քննակենտրոնները համացանցով ԳԹԿ կուղարկեն ստացված բողոքարկումները, որից հետո արդեն տեղի կունենա բողոքների դասակարգում: Եթե տեխնիկական վրիպակների բողոքարկում է, ապա դա փոխանցվում է համապատասխան ստորաբաժանմանը, իսկ եթե բովանդակային բողոքարկում է, ապա բողոքարկման հանձնաժողովը կհրավիրի մասնագիտական խորհրդակցություն. մասնագիտական որոշում կայացնելուց հետո բողոքարկման հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի: Քննական կարգի համաձայն, բոլոր բողոքարկումներին պատասխան կտրվի քննությունների ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
«Սակայն պետք է նշել, որ անկախ բողոքարկումից` թեստերի վերանայման շրջանակում, եթե որևէ առաջադրանքի մեջ մասնագիտական կամ տեխնիկական խնդիր է հայտնաբերվում, ապա բոլոր դիմորդների միավորը բարձրանում է` անկախ նրանից՝ բողոքարկել են, թե ոչ»,- հայտնեց Գ.Մանուկյանը:
Նշենք, որ «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից հունիսի 1-ին կայացած քննության արդյունքներն ամփոփվել են, որի համաձայն ՝ կենսաբանությունից դրական՝ 7.5 միավորի շեմը չի հաղթահարել 19.9%-ը կամ 370 դիմորդ, ընդհանուր պատմությունից անբավարար է ստացել դիմորդների 14.8 %-ը, իսկ աշխարհագրությունից՝ 9.7 %-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան