Կբարելավվի միջին մասնագիտական կրթության որակը
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն 2012 թվականին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող 10, 2013 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կգործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո, ինչը հնարավորություն կտա իրականացնել միասնական կրթական քաղաքականություն։
Այսպիսով, պետական կրթական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան կբարելավվի երկրի 55 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետությունը, կբարելավվի միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակը։
Փոփոխություն է կրել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկը, որով «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի գործունեությունը համապատասխանեցվել է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերին։ Նախատեսվում է մանկատանն իրականացնել կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 0-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Հաջորդ որոշման փոփոխությամբ գործադիրը «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, հանձնել է ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը, ինչը թելադրված է անչափահաս դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքն այս գերատեսչության կողմից իրականացնելու նպատակահարմարությամբ։ Կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է նաև գրասենյակային տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան