ՏՏ ոլորտի հազարից ավելի մասնագետներ մասնակցելու են «ԲարՔեմփ Երևան 2012» ոչ պաշտոնական կոնֆերանսին
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ` ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ հունիսի 9-10-ը հնարավորություն կունենան մասնակցելու «ԲարՔեմփ Երևան 2012» ոչ պաշտոնական կոնֆերանսին, որն անցկացվում է չորրորդ անգամ:
Կոնֆերանսի մասնակիցները քննարկելու են համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում: «ԲարՔեմփը» ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում:
Միջոցառման աջակիցներն են «Լրատվության այլընտրանքային ռեսուրսների» ծրագիրն ու Ինտերնյուս Հայաստանը, AtTask, BetConstruct, Be2 ընկերությունները, ռուսաստանյան RIA Novovsti գործակալությունը: Միջոցառման գլխավոր գործընկերն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը:
«Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս նախագիծը, որին միացել ենք առաջին անգամ` ցանկանալով, որ համագործակցությունն ամենամյա դառնա: Վստահ ենք, որ այն բացառիկ միջավայրը, որը կստեղծվի կոնֆերանսի ժամանակ, մտքերի և փորձի փոխանակման, ինչպես նաև միմյանց ճանաչելու և միասին ստեղծելու յուրահատուկ հարթակ կստեղծի»,- ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նա նաև նշեց, որ որպես ինտերնետի ծառայություններ մատուցող ընկերություն և շարժական ինտերնետի առաջատարը Հայաստանում`պատասխանատվություն են զգում երկրում վեբ միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում:
«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով, սա երիտասարդական պրոեկտ է ու կարևոր է, որ նոր գաղափարներ է բերում լրատվության, տեղեկատվության դաշտ: Նրա խոսքով, «ԲարՔեմփի» ձևաչափի օգնությամբ երիտասարդները տեղեկանում են ինտերնետային տեխնոլոգիաների վերջին զարգացումներին:
Կազմակերպիչ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ոչ պաշտոնական կոնֆերանսի օրակարգը ձևավորվում է հենց առավոտյան` ինչ-որ մեկը կարող է գալ ու ասել, թե ինքն ուզում է այս թեմայով խոսել: Կոնֆերանսի ընթացքում անցկացվելու են նաև մաստեր-կլասներ: Ս. Մարտիրոսյանն ասաց, որ արել են հնարավորը, որպեսզի մարզերի բնակիչներին ու արցախցիներին ավելի ներգրավված լինեն կոնֆերանսին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին