Մեխակ Ապրեսյան. «Զբոսաշրջության ոլորտում այս տարի 10%-ի աճ կունենանք. աճի ապահովման համար բոլոր նախադրյալները կան»
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին եռամսյակում 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9%-ի անկում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ զրույցում Panorama.am-ը փորձեց պարզել, թե որոնք են զբոսաշրջության անկման պատճառները:
-Պարոն Ապրեսյան, ինչո՞վ է պայմանավորված զբոսաշրջության ոլորտում արձանագրված 9 %-ի անկումը:
- Այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջության ոլորտում արձանագրված 9 % անկումը պայմանավորված է մեր երկիր իրանցիների քիչ հոսքով: Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում տարադրամի փոխարժեք կրկնակի ավելի էր, և այդ պայմաններում մարդիկ չէին կարողանում տարադրամ ձեռք բերել, որ կարողանան ճամփորդել: Դրա հետ կապված ոչ միայն Հայաատան այցերն են պակասել, այլև Իրանի արտագնա զբոսաշրջությունն է զգալի անկում ապրել: Բոլորս էլ գիտենք, որ Նովրուզի տոնին Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, ուստի այս տարի զգալի անկում ունեցանք: Իրանում զգալի չափերով ավելացել է ներքին զբոսաշրջությունը, այսինքն` ավելի շատ Իրանի ներսում են զբոսաշրջային այցելություններ կատարել Նովրուզի հետ կապված:
Նշեմ նաև, որ Նովրուզը նշելու համար 2012թ մարտին Հայաստան է այցելել շուրջ 15 հազար իրանցի, ինչը 10 հազարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն պետք է նկատել, որ ապրիլից սկսած աճ է նկատվում, նույն Իրանից բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, քանի որ այնտեղ արդեն դոլարի փոխարժեքն ընկել է, բացի դրանից, եվրոպական երկրներից նույնպես բավականին թվով զբոսաշրջիկների հոսք կա: Դա հույս է ներշնչում, որ այս եռամսյակում զբոսաշրջության ոլորտում աճը նկատելի կլինի:
- Պարոն Ապրեսյան, միգուցե լուրջ մարքետինգային աշխատանք չի տարվում արտասահմանում:
- Մենք բավականին ակտիվ մարկետինգային աշխատանք են տանում, մարկետինգային բոլոր գործքիները կիրառվում են և որքան էլ աշխատանք տանեինք, միևնույն էր, այդ նվազումը նկատելի էր լինելու: Ի վերջո, եթե տարադրամի փոխարժեքի խնդիր կա, դա անմիջապես ազդում է մարդկանց գնողունակության վրա: Սա լուրջ խոչընդոտ է յուրաքանչյուր երկրի արտագնա զբոսաշրջության համար:
- Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ արաբական երկրներում տիրող իրավիճակից դեպի Հայաստան տուրիստների հոսքն ավելանա:
- Ներկայումս բավականին ակտիվ քննարկումներ են ընթանում, որպեսզի հենց արաբական երկրներում սկսենք շուկաներ գրավել ևայդ երկրներից զբոսաշրջիկներ ունենանք: Այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ տարվում են: Հուսով եմ, որ մոտ ապագայում արդյունքները նկատելի կլինեն:
- ՀՀ կառավարության կողմից զբոսաշրջությունը հռչակվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Կառավարությունն ամեն տարի հաստատում է «Զբոսաշրջության զարգացման ծրագիր» և զբոսաշրջության զարգացման համար այս տարի ի՞նչ քայլեր են իրականացվելու:
-Ինչպես նախորդ տարիներն, այս տարի ևս ծրագրվում է զարգացնել իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճի պահպանմանը: Այս տարի նույնպես Հայաստանը կմասնակցի միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին: Նման միջոցառումների իրականացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածման գործում:
Բացի դրանից, իրականացվում են օտարերկրյա լրագրողների և օպերատրոների ճանաչողական այցեր Հայաստան: Նման միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա լրագրողներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքին տեղում ծանոթացնելուն: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքին` նրանք հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորությունների հիման վրա գնահատելու և ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը իրենց երկրներում: Մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև միջազգային ցուցահանդեսներում մասնակցությունը, քանի որ այդտեղ ոչ միայն ներկայացվում է Հայաստանի զբոսաշրջային արդյունքը, այլև համագործակցության հիմքեր են դրվում, նոր պայմանագրեր են կնքվում և նոր կապեր հաստատվում:
Բացի այդ, Հայաստանի զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնում:
-Պարոն Ապրեսյան, կանխատեսո՞ւմ եք, թե այս տարի որքան զբոսաշրջիկ կունենանք:
- Այս տարի կանխատեսել ենք, որ շուրջ 10 տոկոսի աճ կունենանք և հուսով ենք, որ մեր կանխատեսումները իրականություն կդառնան: Համենայնդեպս, աճի ապահովման համար բոլոր նախադրյալներն ունենք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա