«Այսօր դրա պահանջը չկա». ՊՆ-ն պահեստայինների` սահման մեկնելու նախաձեռնության մասին
Panorama.am-ի հարցերին պատասխանել են պաշտպանության նախարարության հասարակայնության վարչությունից:
-Ինչպե ՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, թե
«ադրբեջանական բանակից 10 օր կպահանջվի ազատագրելու «օկուպացված տարածքները»»:
-Այդ հայտարարությունը զարմացրել է մեզ: Նման հայտարարությունները սովորաբար արվում են պաշտպանության նախարարության, այլ ոչ թե գլխավոր շտաբի մակարդակով: Ցանկացած երկրի պաշտպանության նախարարությունում կան համապատասխան կառույցներ, որոնք տարածում են գերատեսչության հայտարարությունները, հանդես են գալիս մեկնաբանություններով: Եվ եթե տարածված տվյալ հայտարարությունն, իրոք, արվել է այդ երկրի գլխավոր շտաբի կողմից, այլ ոչ թե քարոզչամեքենայի հերթական հնարքն է, ապա դա վկայում է կամ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության խմբակային շահերի բախումների, լուրջ հակասությունների առկայության մասին, կամ էլ` հարևան պետությունում չեն գործում քաղաքացիական, և, ինչո՞ւ ոչ, նաև քաղաքական վերահսկողության մեխանիզմները:
-Ի՞նչ իրավիճակ է տիրում այժմ հայ-ադրբեջանական սահմանին, շարունակվու՞մ են արդյոք հրադարի ռեժիմի խախտումները:
-Հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվել են սահմանագծի տարբեր հատվածներում: Երեկ` ժամը 19.00-ից հետո, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտումների պարբերականության որոշակի նվազում:
-Համացանցում պահեստազորայինները պատրաստակամություն են հայտնում մեկնել սահմանային գոտի, զենքը ձեռքին մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը:
-Այդ պատրաստակամությունը վկայում է մեր քաղաքացիների հայրենասիրության մասին: Զինված ուժերում արդեն ծառայած բոլոր քաղաքացիներն ընդգրկված են պահեստազորում, զորահավաքային ռեզերվում, և հարկ եղած դեպքում կզորակոչվեն: Այսօր դրա պահանջը չկա: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով և իրականացնում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:
Նախորդող հրապարակում`
Ս. Հասրաթյանը Ադրբեջանի ԳՇ-ին հիշեցրել է անցյալի դառը փորձի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան