ՊՆ. Զինծառայողները հուղարկավորվել են զինվորական պատվո արարողակարգով.
«Մարտական հերթապահության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին պետությունը օրենքով սահմանված կարգով օժանդակություն է հատկացնում»,- պատասխանելով այն հարցին, թե՝ արդյո՞ք օժանդակություն է հատկացվել կամ հատկացվելու ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհված զինծառայողներին՝ Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Panorama.am-ի հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ մանրամասներ.
«ՀՀ կառավարության 18.08.1997թ. թիվ 341 որոշման համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարությունը պետբյուջեի միջոցներից ՊՆ կողմից ներկայացված ցուցակների հիման վրա զոհվածների (մահացածների) ընտանիքներին հատկացնում է գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման համար` 1մլն 400 հազար դրամ և հուղարկավորության ծախսերի փոխհատուցում` 700 հազար դրամ:
ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշմամբ հատկացվում է միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումար, որը կազմում է զինծառայության ընթացքում՝
1. մարտական հերթապահության ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողի ընտանիքին` 910 հազար դրամ
2. ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողի ընտանիքին` 455 հազար դրամ:
ՀՀ կառավարության 05.05.2011թ. թիվ 668-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին նշանակվում է ամենամսյա դրամական օգնություն 30 հազար դրամի չափով»:
Հարցին, թե ի՞նչ կարգով է անցկացվել զոհված զինծառայողների հուղարկավորությունը և արդյո՞ք ՊՆ ներկայացուցիչները ներկա են գտնվել արարողությանը, ՊՆ-ից պարզաբանեցին. «Հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական գործողության հետևանքով զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանի, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանի և Կարեն Կամոյի Դավթյանի հուղարկավորություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ղեկավարության և ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ: Հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ զինծառայողները հուղարկավորվել են զինվորական պատվո արարողակարգով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները