Գագիկ Մակարյան. Դոլարի փոխարժեքը կշարունակի բարձրանալ և առաջիկայում կհասնի 430 դրամի
Դոլարի արժեվորումը ունի իր թե դրական, թե բացասական կողմերը: Մասնավորապես, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, դրամի արժեզրկումը դրական է անդրադառնում արտահանողների ու տրանսֆերտներ ստացողների վրա: Նրա խոսքերով՝ բացասականն այն է, որ թանկանում են ներմուծվող ապրանքները:
Ինչ վերաբերում է եվրոյի փոխարժեքին, ապա նա նկատեց, որ այստեղ որոշակի «սպեկուլյացիա» կա:
«Ո՞վ է ասել, որ Եվրոպայից ապրանքները չեն ներմուծվում եվրոյով, իսկ եթե եվրոն էժանանում է, ապա ինչու է դրան զուգահեռ ապրանքների գներն ավելանում: Այսինքն՝ չպետք է գնաճը կապել միայն դոլարի հետ, այստեղ դրամ-եվրոն խառնվել է իրար և չգիտես ինչու պետական պաշտոնյանները չեն տարանջատում այս երկու երևույթները»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով՝ դոլարի փոխարժեքը կշարունակի բարձրանալ և առաջիկայում կհասնի 430 դրամի, իսկ հաջորդ տարի դոլարը կհասնի 480-500 դրամի, իսկ մինչև 2014թ-ը՝ 530 դրամի: «Մեր տնտեսությունը այսօր պատրաստ չէ ավելի ցածր դոլարի կուրսով աշխատել: Կարծում եմ, որ մեր տնտեսության վիճակն այնպիսին է, որ դոլարը պետք է շարունակի բարձրանալ»,- ընդգծեց Գ.Մակարյանը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ կանխատեսումներ անելը վտանգավոր է: Ըստ նրա՝ բնական էր, որ Հայաստանում դոլարը պետք է արժեվորվեր, քանի որ ՀՀ կենտրոնական բանկի պահուստները նվազել են 350 մլն դոլարով, բացի այդ մեր երկիրը կարիք ունի դոլարների`պարտքային պարտավորությունները մարելու համար:
Վ.Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ փաստի վրա: Ըստ նրա՝ հունիսի դրությամբ կանխիկ գումարի քանակությունը եղել է այնքան, որքան սովորաբար լինում է դեկտեմբեր ամսին՝ 399 մլրդ դրամ: «Մինչդեռ, եթե կանխիկ դրամի քանակությունն ավելանում է՝ նշանակում է, որ գներն էլ պետք է բարձրանան, բայց Հայաստանում գների բարձրացում տեղի չի ունեցել, ընդամենը՝ 0.5%: Սա նշանակում է, որ Հայաստանում շուկայական մեխանիզմները չեն գործում»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում