«Ռուսաց լեզու» առարկայի քննությունը սկսվեց հաճոյախոսություններով և խնդրանքներով
Այսօր Հայաստանում սկսվել է Ռուսաց լեզու առարկայի պետական ավարտական և միասնական քննությունը: ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոնում նախատեսված էր, որ քննություն կհանձնեն 173 դիմորդներ, սակայն քննությանը չեն ներկայացել 26-ը:
Գնահատման և թեսատավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը հայտնեց, որ քննությանը մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրել 1285 դիմորդ: Ըստ նրա՝ քանի դեռ քննությունն ավարտված չէ, հնարավոր չէ ասել, թե քանի դիմորդ է մասնակցել քննությանը: Նշեց նաև, որ ԼՂՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են մեկական քննասենյակ, բացի Կապանից և Գորիսից:
Հիշեցնենք, որ այս տարվա քննությունների առանձնահատկություններից մեկն այն էր, որ «Օտար լեզուներ»-ի քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին ավելացել է նաև «Ռուսաց լեզու»-ն: Նախկինում «Օտար լեզու» ընդհանուր անվանումը կրող քննությունների ցանկում ընդգրկված էին «Անգլերեն»-ը, «Գերմաներեն»-ը, «Ֆրանսերեն»-ը, «Իսպաներեն»-ը և «Իտալերեն»-ը, իսկ «Ռուսաց լեզու»-ն այդ թվում չէր:
Ի դեպ, Ռուսաց լեզու առարկայի քննությունը տարբերվում էր նախորդներից. լարվածություն չկար, դիմորդները շատ հանգիստ սպասում էին քննության մեկնարկին: ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոնում աչքի էին ընկնում հատկապես զինվորական հագուստներով դիմորդները, նրանք հիմնականում «Փոքր Մհեր» կրթահամալիրի շրջանավարտներ էին: Նախքան քննության մեկնարկը տղաները սկսեցին հաճոյախոսել աղջիկներին՝ միաժամանակ խնդրելով, որ քննության ժամանակ «աչքով անելուց» հետո աղջիկներն իրենց օգնության հասնեն: Իհարկե այդ ամենը չվրիպեց կազմակերպիչների աչքից. նրանք ժպտալով հետևում էին, թե ինչպես են տղաները սիրահետում աղջիկներին, դա նաև օգնեց, որ քննական լարվածությունը ինչ- որ չափով թուլանար:
Բնականաբար, քննությունը մնում է քննություն. մեկնարկից հետո կազմակերպիչներն անցան իրենց պարտականություններին: Սահմանված ժամին թետերը բացվեցին ու քննությունը սկսվեց։ Նշենք, որ ոչ միայն դիմորդներն էին հանգիստ, այլև նրանց ծնողները, դրսում խուճապային տրամադրություն չկար, բոլորը հանգիստ և առանց ավելորդ լարվածության սպասում էին քննության ավարտին:
Հիշեցնենք, որ 2012-2013 թթ-ի ուսումնական տարվա ընդունելության քննություններին Հայաստանում մասնակցելու հայտ է ներկայացրել 16 հազար 845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում հայտագրված է 1260 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան