Ինչո՞ւ են «Եհովայի վկաները» Եվրադատարանում հաղթում Հայաստանի կառավարությանը. Սաքունցի դիտարկումները
«Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները, ովքեր հրաժարվում են և զինծառայությունից, և այլընտրանքային ծառայությունից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հաղթում են Հայաստանի կառավարությանը «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի օրենքի անկատարության պատճառով: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Օրենքը իրապես չի ապահովում իրական այլընտրանքային ծառայության հնարավորություն այն քաղաքացիների համար, որոնք խղճի թելադրանքով հրաժարվում են կամ չեն ուզում զինվորական ծառայություն անցնել»,-նշում է իրավապաշտպանը:
Նշենք, որ նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը տեղեկացրել էր, որ «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության բազմաթիվ անդամներ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ հայցեր են ներկայացրել: Եվ կառավարությունը հունիսի 7-ին տեղի ունեցած նիստում «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 30 հազար եվրոյին համարժեք դրամ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքի» վերաբերյալ մի քանի մտահոգություններ ունի. նախ այն, որ այլընտրանքային ծառայության ժամկետը շատ ավելի երկար է, քան բուն զինծառայության ժամկետը, ինչը, նրա խոսքով, այլընտրանքային ծառայության վերաբերյալ ԵԱՀԿ-ի չափորոշիչների խախտում է: Նշենք, որ այլընտրանքային զինծառայության ժամկետը 42 ամիս է:
Մյուս խնդիրը, նրա խոսքով, այլընտրանքային ծառայության պայմանների «նվաստացուցիչ» լինելն է: «Այլընտրանքային ծառայության անցկացման պայմանները չպետք է ունենան միայն մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք», -ասում է Սաքունցը: Նրա դիտարկմամբ, այլընտրանքային ծառայության մեկնած երիտասարդները «կեղտոտ գործեր են անում», մինչդեռ կան երկրներ, որոնք այլընտրանքային ծառայության մեկնածին ներգրավում են բարեգործական կազմակերպությունների աշխատանքներում, այս կամ այն սոցիալական ծրագրերում:
««Այլընտրանքային ծառայության մասին օրենքը» ի սկզբանե, երբ ընդունվում էր, արդեն իսկ ընդունման պահից մինչև հիմա մեռյալ, չաշխատող օրենք էր: Պետք է հասկանալ, որ դա պատժիչ նշանակություն չպետք է ունենա: Մեզ մոտ, օրինակ, «Այլընտրանքային ծառայության մասին օրենքը» տարօրինակություն ունի` կա այլընտրանքային զինծառայություն և այլընտրանքային աշխատանքային ծառայություն: Այսինքն` ի՞նչ այլընտրանքային զինծառայություն ընտրողը գնա զորամասում միայն կառտոշկա՞ մաքրի», -նկատում է իրավապաշտպանը:
Նրա համոզմամբ, ՄԻԵԴ-ում այս գործերով կառավարությանը հաղում են նաև, քանի որ Եվրոպական դատարանը ուշադրություն է դարձնում ոչ միայն ինքնին օրենքի ընդունման փաստին, այլև դրա իրականացման պատասխանատվությանը` ինչքանո՞վ է դա իրականանալի: «Այդ տեսակետից, իհարկե, ցավալի է, որ համապատասխան եզրակացություններ Հայաստանի իշխանությունները չեն կատարել, որպեսզի ապահովեն նորմալ պայմաններ` նախ նորմերը համապատասխանեցվեն այլընտրանքային ծառայության չափորոշիչներին, այլընտրանքային ծառայության պայմանները համապատասխանեցվեն այն մոտեցումներին, որը պետք է դրվի իրական այլընտրանքային ծառայության հիմքում», -պնդում է Սաքունցը:
Թեպետ, նրա խոսքով, ժամանակին իրենք ու էլի Հասակական կազմակերպություններ առաջարկություններով հանդես եկել են, հիմա էլ, ինչպես Սաքունցն է ասում, իրենք պատրաստ են օգնել օրենսդրական դաշտը կարգավորելու համար: «Խնդիրն այն է, որ ժամանակին ՀԿ-ները ահազանգում էին, բայց ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում: Չկար քաղաքական կամք, որ լուծեր խնդիրը, այլ ոչ թե սպասեր Եվրոպական դատարանի վճիռներին ու կատարել այդ փոփոխությունը` թե օրենսդրության մեջ, թե գործնականում: Կարելի էր երկրի ներսում լուծել խնդիրը, այլ ոչ թե սպասել, որ երկիրը տուգանվի», -եզրակացնում է իրավապաշտպանը:
«Այլընտրանքային ծառայության մասին օրենքը» Հայաստանում ընդունվել է 2004 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան