Հանդիպել են Հայաստանի և Վիետնամի արտգործնախարարները
Այսօր կայացել է ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հանոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հանդիպումը:
Նախարարները, շարունակելով ս.թ. փետրվարին մեկնարկած երկխոսությունը, գոհունակությամբ նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը նշանավորվել է երկկողմ համագործակցության համար նշանակալի իրադարձությամբ՝ ՀՀ Նախագահի այցելությամբ, ինչը լավ հնարավորություն է ամենաբարձր մակարդակով քննարկելու և պայմանավորվելու հետագա փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման մասին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը հանգամանալից քննարկում է ծավալվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև համագործակցության հաստատման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, միմյանց թեկնածությունների աջակցության շուրջ:
Հայաստանի և Վիետնամի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ: