Սերգեյ Մարկեդոնով. Կովկասը Հիլարիի համար
Ռուս հեղինակավոր փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը անդրադարձել է Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին ու պնդել, որ այն առնչություն ունի հարավկովկասյան երկրներում ընտրական գործընթացների և ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ: Հոդվածը հրապարակվել է ռուսական «Վզգլյադ» էլեկտրոնային պարբերականում: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Սերգեյ Մարկեդոնովի հրապարակումը:
Ամերիկյան պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շրջայցը Հարավային Կովկասում կարճ էր, բայց՝ հագեցած: Ի՞նչ նոր ազդակներ բերեց Վաշինգտոնը Բաքվի, Թբիլիսիի ու Երևանի համար: Եվ հասկանալի է՝ Մոսկվայի համար:
Հունիսի 4-ից 6-ը Հիլարի Քլինթոնը այցելեց կովկասյան հանրապետություններ: Բրիտանացի հայտնի փորձագետ Դենիս Սամութի խոսքով, նրա շրջայցը կարելի է համարել «ոտքով Կովկասի դռներին», որը Ռուսաստանը դիտարկում է իր գերակա շահերի գոտի:
Պետքարտուղարության մամլո հաղորդագրության չոր լեզուն այցելության հիմնական նպատակ էր ներկայացնում «տարածաշրջանային անվտանգությունը, ժողովրդավարությունը, տնտեսական զարգացումն ու ահաբեկչության դեմ պայքարը»:
Իսկ ինչ էր իրականում թաքնված այդ ընդհանրական ձևակերպումների հետևում:
Քլինթոնի կովկասյան շրջայցը (երկրորդը՝ 2010 թվականից հետո) նշանակալից ուշադրություն հրավիրեց մի քանի պատճառներով: Նախ՝ ժամանակի գործոնը: Ամերիկյան պետքարտուղարը տարածաշրջան այցելեց նրա՝ ընտրական գործընթացների ցիկլ մտնելուց հետո: 2012 թվականի մայիսին Հայաստանում ընտրեցին խորհրդարանի նոր կազմը: Ընտրությունների արդյունքներով երկրում ձևավորվեց ներքաղաքական այլ դասավորություն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքեց կառավարող կոալիցիան: Եվ բացառված չէ, որ քաղաքական այդ ուժը, որը մոտ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, 2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ սեփական խաղն է մտածել:
Ոչ պակաս հետաքրքիր ինտրիգ է ծավալվում Վրաստանում: Հոկտեմբերին այս երկրում ընտրելու են պատգամավորների, իսկ հաջորդ տարի՝ երկրի ղեկավարին: Սակայն այս երկու ընտրարշավների նշանակությունը էլեկտորալ թվաբանության հետ չի առնչվում: Դեռևս 2010 թվականի Միխաիլ Սաակաշվիլու նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները ենթադրում են իշխանական լիազորությունների վերաբաժանում հօգուտ կառավարության ղեկավարի: Վրաստանի գլխավոր քաղաքական խաղացողն առայժմ չի պատասխանել հարցին՝ պատրաստվում է իր կարիերան շարունակել որպես վարչապետ: Եվ ո՞վ կդառնա «տանդեմում» իր գործընկերը՝ որպես նախագահ: 2013 թվականին նախագահ են ընտրելու Ադրբեջանում: Եվ թեև Իլհամ Ալիևը, ի տարբերություն իր կոլեգաների, արդեն լուծել է իր երրորդ պաշտոնավարման օրինականության հարցը (սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ են մտցվել), աճող դժգոհության շարժումը թե իրեն, թե իր անդրօվկիանոսյան գործընկերներին որոշակի անհանգստություն է պատճառում: Այստեղ չափազանց շատ բան է հիշեցնում տխրահռչակ «արաբական գարնանը»:
Միանգամից պարզաբանենք: Չնայած ընդունված ժողովրդավարական հռետորաբանությանը (առաջին հերթին ուղղված ամերիկյան հանրային կարծիքին), Կովկասում ընտրություններն ԱՄՆ-ին հետաքրքրում են ոչ թե ինքնին, այլ տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Այսպես, տարածաշրջանում Վաշինգտոնի գլխավոր գործընկեր Վրաստանը (Աֆղանստանում նրա զորակազմն այսօր կազմում է 925 մարդ, և այն կարող է մոտ ապագայում հասնել 1500-ի) ԽՍՀՄ փլուզումից հետո դեռևս ոչ մի անգամ չի ապահովել իշխանության խաղաղ սահմանադրական փոխանցում մեկ անձից մի ուրիշին: Ըստ այդմ, 2013 թվականն այդ երկրի համար կարող է դառնալ «ճշմարտության պահ»: Վաշինգտոնը կցանկանար նախագահի փոփոխության և «քաղաքական վարչապետի» ի հայտ գալու ժամանակ ապահովագրվել սոցիալ-քաղաքական ցնցումներից: Նման վերափոխումների խաղաղ բնույթը կերաշխավորի ռազմավարական գործընկերության շարունակականությունն և, ընդհակառակը՝ անկայունությունը հղի է անկանխատեսելիությամբ:
ԱՄՆ-ին պակաս չի անհանգստացնում նաև Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավոր հեռանկարը, ով թերահավատ է տրամադրված իսլամական երկրների մեջ Ամերիկայի կարևորագույն գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Ըստ որում՝ բանակի թվակազմով երկրորդը ՆԱՏՕ-ում: Ինջիրլիկի բազայով, որը ծայրահեղ կարևորություն ունի «Մեծ Մերձավոր Արևելքում» ամերիկյան քաղաքականության համար: Եվ իհարկե, ցնցումներն Ադրբեջանում, որոնք հղի են «քաղաքական իսլամի» աճով (նախանշաններն արդեն կան և քիչ չեն), չեն կարող Վաշինգտոնին անտարբեր թողնել: Մերձկասպյան հանրապետությունը որոշակի հակակշիռ է իսլամական Իրանին ու գործընկեր է ԱՄՆ մեկ այլ կարևոր դաշնակից՝ Իսրայելի համար: Այսպես, 2012 թվականի փետրվարին Բաքուն ու Թել Ավիվը պայմանավորվեցին ադրբեջանական կողմից անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի խմբաքանակ գնելու մասին, 1.6 մլրդ ամերիկյան դոլար ընդհանուր արժեքով: Չպետք է մոռանալ նաև Աֆղանստանից արևմտյան կոալիցիայի զորքերը դուրս բերելու ժամանակ Ադրբեջանի լոգիստիկ կարևորության մասին: Արդեն այսօր աֆղանական գործողության համար նախատեսված ՆԱՏՕ-ի բեռների մեկ երրորդը Եվրոպայից տեղափոխվում են մերձկասպյան հանրապետության տարածքով:
Երկրորդ՝ իր այցը ամերիկյան պետքարտուղարն իրականացրեց Ռուսաստանի հետ տեղում ակնհայտ ձևով դոփող «վերաբեռնավորման» հարաբերությունների ֆոնին: Գործնականում՝ «Մեծ ութնյակի» գագաթաժողով մեկնելուց Վլադիմիր Պուտինի հրաժարումից ու Բելառուս այցելելուց (ինչը Արևմուտքում շատերն ընդունեցին «ԽՍՀՄ-լայթը» վերականգնելուն ուղղված Կրեմլի ջանքերի վկայության վատ նշան) անմիջապես հետո: Եվ գրեթե՝ Ռուսաստանի նախագահի Չինաստան այցելությանը ու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին զուգահետ, որի նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնը ոչ միանշանակ (նվազագույնը՝ խանդող) վերաբերմունք ունի:
Այս ամենը կովկասյան շրջայցին լրացուցիչ երանգ հաղորդեց՝ հատկապես ԱՄՆ ու Վրաստանի հատուկ հարաբերությունների համատեքստում: Եվ բնականաբար՝ նմանապես առանձնահատուկ ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում: Այսուդհանդերձ, Քլինթոնի այցելությունը հեղափոխական չստացվեց: Դրա նշանակությունը մեծ է, առաջին հերթին այն պատճառով, որ հնարավոր է դառնում հստակեցնել ամերիկյան վարչակազմի կովկասյան առաջնահերթությունները: Ըստ կարևորության այստեղ առաջին տեղում, իհարկե, Վրաստանն է, որի հետ արդեն մի քանի տարի Ռուսաստանը ռիթմից ընկել է: Սա դուր է գալիս որևէ մեկին, թե հակառակը՝ նողկանք է առաջացնում, բոլոր դեպքերում Վաշինգտոնի դիրքորոշումը սա է. հրաժարվում են ընդունել որպես Մոսկվայի՝ տարածաշրջանային հեգեմոնի դերը: ԱՄՆ-ը պատրաստ է ամեն կերպ աջակցել Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը և անգամ աջակցություն ցուցաբերել Հյուսիսային Կովկասում իսլամական սպառնալիքը չեզոքացնելու հարցում, բայց դրանով հանդերձ կտրականապես չեն ընդունում Կրեմլի գործողությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում: Միևնույն ժամանակ Քլինթոնի ամբողջովին սպասելի և կանխատեսելի հռետորաբանությունը՝ այդ երկրի «տարածքային ամբողջականություն» վերականգնելու և Ռուսաստանի կողմից այն «դեօկուպացնելու» վերաբերյալ փորձագետների մեծ մասի մոտ անուշադրության մատնեց կարևոր այլ սյուժեներ:
Կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Քլինթոնը հյուսիսատլանտյան ուղիով Վրաստանի առաջընթացը հստակ ու ոչ երկիմաստ կապեց 2012-2013 թվականների ընտրությունների որակի հետ: Իմաստներն այստեղ ակնհայտ են: ԱՄՆ-ն կցանկանար տեսնել ինստիտուցիոնալ առումով ուժեղ պետություն, այլ ոչ միայն Սաակաշվիլիի անձնական նախագիծ: Բուշի վարչակազմի հետ համեմատած Սպիտակ տան ներկայիս տերերը Կովկասի երբեմնի «գլխավոր ժողովրդավարին» ընդունում են առավելապես պրագմատիկ դիրքերից: Այստեղ հավելյալ հիացմունքներն ու էմոցիաները տեղ չունեն: Վրացական պետության ղեկավարն ընկալվում է որպես մի առաջնորդ, ով լուրջ այլընտրանք չունի՝ քաղաքական ընդդիմության անկարողունակության պատճառով: Ինչպես ասվում է՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես: Սակայն բիզնեսում ցանկալի է նվազեցնել ռիսկերն ու ապահովագրվել չնախատեսված վտանգներից: Այստեղից էլ՝ մեծ հետաքրքրությունը ոչ այնքան քվեարկության, որքան իշխանությունը փոխանցելու կամ այն նոր սոուսով պահելու ընթացակարգերի հանդեպ:
Ամերիկյան պետքարտուղարի շրջայցը ուղեկցվեց Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև շփման գծում իրավիճակի սրացմամբ: Հունիսի 4-ից 6-ը՝ բոլոր օրերին լրատվական գործակալությունները թնդում էին Կովկասի այդ հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մասին հաղորդագրություններով: Նշանակո՞ւմ է սա արագ ու անխուսափելի պատերազմ: Տագնապահար եզրահանգումների հարցում շտապել պետք չէ: Արդեն մեկ տարի չէ, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները լրացվում են ոչ միայն ռազմատենչ հռետորաբանությամբ, այլ նաև պարբերական մարտական ցուցադրություններով: Այս ամենը կարող է բերել վրացական իրավիճակի կրկնությանը: Սակայն «խաղադրույքները բարձրացնելու» գայթակղությունը մեծ է: Հատկապես՝ հույժ կարևոր դիվանագիտական անձանց այցելության կամ բանակցությունների նոր ռաունդի նախօրյակին: Այսպես, հունիսի 18-ին Փարիզում կայանալու է միջնորդների նոր հանդիպում: Եվ այդ իրադարձության նախօրեին Քլինթոնն ազդակ տվեց ուղիղ Կովկասից. «Արդեն 2012 թվականն է, և ժամանակն է վերջապես գտնել այդ հակամարտության լուծման ուղիները: ԱՄՆ-ն պատրաստ է այս հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»: Այս հարցում, ի տարբերություն Վրաստանի, Ռուսաստանը պատրաստ է խաղաղասիրական էնտուզիազմը կիսել Վաշինգտոնի հետ, քանի որ ինքն էլ շահագրգռված է Երևանի, Բաքվի ու Անկարայի հավասարակշռությամբ: Այս մոսկովյան-վաշինգտոնյան կոնսենսուսն, արդյոք, որևէ առնչություն ունի էթնոքաղաքական հակամարտության իրական լուծման հետ, այլ հարց է: Առաջընթաց կարող է լինել հակամարտող կողմերի, այլ ոչ վաշինգտոնյան կամ մոսկովյան կաբինետների տիրացուների կամքի առկայության պարագայում:
Այսպիսով, Հիլարի Քլինթոնի այցը սկզբունքային աշխարհաքաղաքական նորություն չբերեց: Սակայն այն հստակ ցույց տվեց, որ կովկասյան թեմատիկան նախկինի պես կարևոր է Վաշինգտոնի համար, թեև տարածաշրջանի նշանակությունը Վաշինգտոնի համար անհամեմատելի է այն դերի հետ, որ այն ունի Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համար: Ամերիկյան վարչակազմի համար Կովկասն ինքնին արժեքավոր չէ, այլ՝ որպես բաղադրիչ արտաքին քաղաքական այլ կարևոր խնդիրների (Աֆղանստան, Մերձավոր Արևելք, Մոսկվայի հետ հարաբերություններ): Հետևաբար, ռուսական քաղաքականության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է առավել հստակ կողմնորոշվել այն լայն համատեքստերում, որոնցում Վաշինգտոնը կառուցում է իր կովկասյան սյուժեները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա