ՓՊ նախագահի դուստրը` դատավոր
«Հրապարակը» գրել է, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի դուստրը` փաստաբան Զառա Դանիելյանը, սովորում է դատավորների դպրոցում, և առաջիկայում, հավանաբար, նա դատավոր կնշանակվի: «Դատավոր դառնալու մեջ, իհարկե, վատ բան չկա, բայց այն փաստը, որ Փաստաբանների պալատի նախագահի դուստրը փորձում է դատավոր դառնալ` չբավարարվելով փաստաբանի կարգավիճակով և իր հորը դնելով բավական նուրբ կացության մեջ, տարակուսանքի տեղիք է տալիս: Դստեր դատավոր դառնալուց հետո Ռուբեն Սահակյանը, թերևս, այլևս չի կարող դատական համակարգի հակընդդեմ կառույցի` Փաստաբանների պալատի լիարժեք նախագահ լինել: Հայաստանում նման բան պարզապես հնարավոր չէ»,- գրում է թերթը:
«Իմ դստեր դատավոր դառնալը որևէ կերպով չի կարող խոչընդոտ հանդիսանալ իմ և Փաստաբանների պալատի գործունեության վրա: Բացարձակապես կապ չունեն մեկը մյուսի հետ»,-թերթի հետ զրույցում ասել է ՓՊ նախագահը` հավելելով. «Եթե դպրոցն ավարտելուց հետո կնշանակվի դատավոր և վատ կաշխատի, ես առաջինը ինքս կքննադատեմ ու կքարկոծեմ իրեն»:
Թերթը հիշեցնում է, որ այս օրերին Փաստաբանների պալատն ակցիա է նախաձեռնել, և հունիսի 11-ին պատրաստվում են մեկօրյա գործադուլ հայտարարել ընդդեմ վճռաբեկ դատարանի գործունեության: «Երեկ երեկոյան այդ ակցիային միացել էին 366 փաստաբաններ: Հետաքրքիր է` փաստաբանները կշարունակե՞ն նման ակցիաներ անել, երբ ՓՊ նախագահի դուստրը դատավոր լինի»,- հարցնում է թերթը: