Իրանի ու ԱԷՄԳ-ի բանակցություններն արդյունք չեն արձանագրել
Իրանի և Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության փորձագետների միջև միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած հերթական բանակցություններն «առաջընթաց չեն արձանագրել»: Այս մասին, «ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ, ասված է գործակալության տարածած կոմյունիկեում:
Տեղեկատվության համաձայն, Իրանի իշխանությունները նախկինի պես հրաժարվում են ԱԷՄԳ-ի դիտորդներին թույլատրել Փարչինի օբյեկտ, որը, հնարավոր է, առնչություն ունի միջուկային զենքի ստեղծման աշխատանքների հետ:
Գործակալության գլխավոր դիտորդ Հերման Նակարցը Վիեննայի բանակցությունները որակել է «հիասթափեցնող»:
Իրանական պատվիրակության ղեկավար Ալի Սոլթանեհը ավելի լավատեսական հայտարարություն է արել, նշելով, թե իրանական կողմը «պատրաստ է վերացնել բոլոր թյուրըմբռնումները և ապացուցել աշխարհին, որ իր գործունեությունը կրում է բացառապես խաղաղ բնույթ»:
Նշենք, միջազգային միջնորդների «Վեցնյակի» և Իրանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը նախանշված է տասը օրից Մոսկվայում: