Ն.Զոհրաբյան. Մենք վստահ ենք, որ ԲՀԿ-ի ներկայացվածությունը ԵԽԽՎ պատվիրակությունում երկու անդամի կարգավիճակով պահպանվելու է
Ինչպես ավելի վաղ նշել էինք, հունիսի 25-29-ը Ստրասբուրգում աշխատանքները կսկսի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որին Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունը կմեկնի դեռևս հին կազմով: Այս մասին Panorama.am-ին ասաց պատվիրակության մշտական անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` ամառային նստաշրջանից հետո կձևավորվի նոր պատվիրակությունը, որն արդեն կներակայացնի հինգերորդ գումարման Ազգային Ժողովում առկա համամասնությունը:
«Պատվիրակությունը պետք է կազմվի ԵԽԽՎ կանոնադրության և սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով նաև կանոնադրության պահանջները, որտեղ խոսքը ազգային խորհրդարանի ուժերի համաչափ ներկայացվածության մասին է»,- շեշտեց Ն.Զոհրաբյանը:
Նշենք, որ շրջանառվում են լուրեր, թե հնարավոր է նոր ձևավորվելիք պատվիրակության կազմում, որում ԲՀԿ-ն երկու անդամով է ներկայացված, մեկ քվոտան ԲՀԿ-ից տրվի ՀԱԿ-ի անդամին:
Ն. Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախորդ` չորրորդ գումարման Ազգային Ժողովում «Բարգավաճ Հայաստան»-ի 30 հոգանոց խմբակցությունը ուներ 2 անդամ պատվիրակությունում` ինքը ` հիմնական անդամ և մեկ անդամ փոխարինող կազմում: Մինչդեռ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ խմբակցությունն այսօր ունի արդեն 37 պատգամավոր.
«Մենք վստահ ենք, որ ԲՀԿ-ի ներկայացվածությունը ԵԽԽՎ պատվիրակությունում երկու անդամի կարգավիճակով պահպանվելու է»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս պահի դրությամբ դեռ չի քննարկվել, թե համամասնության պահպանման դեպքում ո՞վ կլինի երկրորդ անդամը: Ինչպես նաև ձեռնպահ մնաց մեկնաբանելուց, թե ի՞նչ քայլի կդիմի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, եթե այդ համամասնությունը, այդուհանդերձ, չպահպանվի իրենց երկու քվոտան պատվիրակությունում.
«Եկեք ենթադրություններ չանենք: Կարծում եմ` դա տրամաբանական որոշում չի կարող լինել, որովհետև ցանկացած որոշում պետք է բխի օրենքից և առկա իրողություններից: Իսկ առկա փաստական իրողությունն այն է, որ ԲՀԿ-ն այսօր խորհրդարանում շատ ավելի լայն ներկայացվածություն ունի, քան չորրորդ գումարման ԱԺ-ում»,- հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունում ԲՀԿ-ի երկրորդ` փոխարինող անդամը ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա