Կրկին Վարդան Ղուկասյանը. Թումանյանի թբիլիսյան տան վերանորոգման համար անհրաժեշտ 5000 դոլարը նա է տրամադրելու
Բավականին երկար դրամական միջոցների «փնտռտուքից» հետո, ի վերջո, ամիսներ առաջ Գրողների համահայկական հիմնադրամը ձեռք բերեց Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի բնակարանը: Բնակարանի գնման համար անհրաժեշտ գումարը` 145 հազար դոլարը, հիմնադրամին էր փոխանցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Նա տրամադրելու է նաև վերանորոգման համար անհրաժեշտ 5000 դոլարը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նրա խոսքով, նախկին սեփականատերը, նախքան վաճառելը սկսկել էր բնակարանի վերանորոգման աշխատանքները, այժմ հարկավոր է այն շարունակել ու հասցնել ավարտուն տեսքի: «Այդ աշխատանքներն ավարտելուց հետո արդեն պարզ կդառնա, թե Գրողների համահայկական հիմնադրամը ում է այն փոխանցելու` Վիրահայոց թեմին, թե Վրաստանի հայ համայնքին, իսկ նրանք էլ արդեն պետք է որոշեն, թե մշակութային ինչ օջախի են այն վերածելու»,- ասաց ՀԳՄ նախագահը:
Ինչ վերաբերում է Թումանյանի բնակարանի մյուս մասին, որի սեփականատերը բանաստեղծի ծոռնուհին է, վիրահայ մի գործարար, ով բնակվում է ՌԴ-ում, ըստ Լ. Անանյանի, ցանկություն է հայտնել գնել այդ մասը: Այս մասին Լ. Անանյանին հայտնել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով էլ բանակցություններ է վարում այդ գործարարի հետ: «Երբ նա էլ գնի այդ հատվածը, կնվիրաբերի ու Թումանյանի թբիլիսյան տունն ամբողջությամբ կվերածվի մշակութային օջախի»,- ասաց Լևոն Անանյանը:
Նախորդող նորություններ` ՀԳՄ նախագահ. Մեզ բոլորիս միավորեց Թումանյանը
Հ. Թումանյանի թբիլիսյան բնակարանն այսուհետ հայերին է պատկանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները