ՀՀ-ի ու Չինաստանի գլխավոր դատախազությունները ստորագրեցին համագործակցության ծրագիր
ՀՀ գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի միջև ստորագրվեց «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր:
Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին` Պեկինում: Աղվան Հովսեփյանն ասաց, որ այդ ժամանակվանից սկսած շուրջ 13 տարի երկու երկրների դատախազությունների համագործակցությունը մշտապես զարգացում է ունեցել: «Մենք համաձայնության եկանք ստորագրել կոնկրետ ծրագիր, որը կապահովի հետագա համագործակցության առավել բարձր մակարդակ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազն ու նշեց, որ նման համագործակցության ծրագիր կնքել են ՌԴ-ի հետ, որը արդյունավետ միջոցառումների է հանգեցնում:
Կնքված ծրագրով Հայաստանի ու Չինաստանի դատախազությունները պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ` քննարկելու առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր, նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց:
Ցաո Ձյանմինին ասաց, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր համագործակցությունը բոլոր բնագավառներում` տնտեսական, քաղաքական, բարձր տեխնոլոգիաներ, հումանիտար, նաև իրավական զարգացել են հաջող, արագ ու զարգացումը շարունակական է:
Կողմերը հույս հայտնեցին, որ ստորագրված ծրագիրը նոր որակ կհաղորդի Հայաստանի և Չինաստանի դախազությունների համագործակցությանը` նպաստելով հանցավորության դեմ պայքարում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ Ա. Հովսեփյանի հրավերով Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Երևան է ժամանել հունիսի 9-ին: Չինաստանից ժամանած պատվիրակություն վաղը այցելելու է Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասապանության թանգարան-ինստիտուտ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: