Խնձորեսկում փորձում են զարգացնել տուրիզմը. Ճոպանե կամուրջն արդեն շահագործվում է
Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղում շահագործման է հանձնվել ճոպանե կամուրջը: Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, այն իրար է կապում Հին Խնձորեսկի Ներքին թաղը և նրա դիմացի ձորալանջը, որտեղով անցնում է Մխիթար Սպարապետի գերեզմանը տանող կածանը:
Կամրջի շինարարությունը, որն իրականացվել է տեղացի մասնագետների կողմից, տևել է մեկ տարի: Կամուրջի կառուցման մտահղացումն ու նախաձեռնությունը ծնունդով խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանինն է, ով նաև ֆինանսավորել է շինարարությունը` ավելի քան 13 մլն դրամ: Հետիոտն ճոպանե կամրջի երկարությունը 160 մետր է, լայնությունը` 1,5 մ:
Ձորի ամենախոր տեղում բարձրությունը կազմում է 63 մետր, ճոճքը կամ ճոճումը` 1 մ, ալիքավորումը` 0,5 մ: Կամուրջի քաշը շուրջ 20 տոննա է: Շինարարության համար օգտագործվել են ավելի քան 15 տ մետաղյա կառուցվածքներ, այդ թվում` 2200 մ տարբեր տրամաչափերի պողպատե ճոպաններ: Կամրջի կառուցումն այն նախագծերից մեկն է, որոնց նպատակը Սյունիքը զբոսաշրջության կենտրոն դարձնելն է: Այն կվերադարձնի նաև Խնձորեսկի երբեմնի տուրիզմի կենտրոնի համբավը:
Իրականացվող նախագծի շրջանակներում Խնձորեսկում շուտով կավարտվեն մի քանի ժայռափոր տների, ձիթհանի, թոնրատան, մառանների վերականգնման աշխատանքները: Զբոսաշրջիկներին հատկապես կհետաքրքրեն Հին Խնձորեսկի ձորի մեջ գտնվող 15-17-րդ դարերի 4 եկեղեցիները, որոնցից մեկը ժայռափոր է ու կառուցված է շատ վաղ շրջանում:
Տուրիզմի զարգացման նպատակով նորակառույց կամուրջի հարևանությամբ կգործեն հանգստի ու սննդի օբեկտներ: Իսկ հեռահար ծրագրերն ավելին են` նախատեսվում է այստեղ կառուցել բաց ամֆիթատրոն` միջազգային փառատոներ կազմակերպելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա