Այսօրվանից Մհեր Ենոքյանը հրաժարվում է հացից ու ջրից. Մտավորականներն անհանգստացած են
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը այսօրվանից հրաժարվում է հացից ու ջրից: Այդ մասին օրեր առաջ տարածած հայտարարության մեջ տեղեկացրել էր Ենոքյանը: Նրա այդ ծրագիրն անհանգստություն էր առաջացրել մի խումբ մտավորականների շրջանում, և այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք կոչ արեցին դատապարտյալին հրաժարվել այդ մտադրությունից:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը տեղեկացրեց, որ իրենք խնդրում են Մհերին չդիմել ծայրահեղ քայլերի, «քանի որ ամեն ինչ կորած չէ»: «Նա դեռ իր երկրորդ փախուստից հետո շատ վատ վիճակում էր գտնվում, ասում էր, որ միևնույն է, ինքնասպանություն է գործելու, ես նրան այդ ժամանակ խոստում եմ տվել, որ` երբ ես համոզվեմ, որ բոլոր դռները փակ են, կասեմ, ես չեմ կարող քեզ օգնել, բայց ես նրան կոչ եմ անում, որ բոլոր դռները դեռ փակ չեն»,-հայտարարեց նա: Իշխանյանն ասաց, որ ցավում է, որ Հայաստանի իշխանությունները անտարբեր են մարդկանց ճակատագրի նկատմամբ: «Ցմահ դատապարտյալների հետ քրեակատարողական հիմնարկներում որևէ ռեաբիլիտացիոն աշխատանք չի տարվում», -հավելեց իրավապաշտպանը:
Ցմահ դատապարտյալների խնդրով զբաղվող նախաձեռնության անդամ, նկարչուհի Զարուհի Մուրադյանը նույնպես իր անհանգստությունն է հայտնել Մհերի քայլի առնչությամբ: «Մարդը տասնվեց տարի է` պնդում է, որ չի սպանել։ Տասնվեց տարի առաջ մեկ մարդու փոփոխված ցուցմունքով դատապարտեցին մահապատժի։ Իսկ այսօր բազմաթիվ փաստաբաններ, մտավորականներ միացել են մեր կոչին՝ գործը վերանայել, բայց... Դիմումներ ենք գրել շատ, բայց նախագահի աշխատակազմի ղեկավարը չի բարեհաճում մեր դիմումներին պատասխանել», -հայտարարեց նկարչուհին:
Գրողներ Արծվի Բախչինյանն ու Վահրամ Մարտիրոսյանը կողմ են, որ այս քրեական գործը վերանայվի: «Մինչև Մհերի գիրքը կարդալը, ես այս խնդրին տեղյակ չէի, այն ինձ ցնցեց, մինչ այդ ես էլ Ասսալայի անդամ մի տղայի հետ էի շփվում 1993-1995 թթ., որ գտնվում էր բանտում: Այդ անձը հնարավորություն ունեցավ դուրս գալ, եկել է այստեղ և ընտանիք է կազմել: Ինչո՞ւ պետք է կարծել, որ դատական համակարգը սխալ թույլ տալ չի կարող, և մի երիտասարդ, ով 16 տարի շարունակ բարձրաձայնում է խնդիրը, չտրվի իր անմեղությունը ապացուցելու հնարավորություն»,-ասաց գրող Արծվի Բախչինյանը:
Իսկ Մարտիրոսյանի խոսքով էլ, եթե գործը ունի հրապարակային լրջություն, ապա «այս իրավական կազուսն էլ պետք է հրապարակայնորեն քննարկվի ու չվերաբերի մեկ դատավորին»։
Իրավապաշտպան Իշխանյանն ասաց, որ վստահ չէ, որ Ենոքյանի գործով արդար դատավարություն է եղել, քանի որ «բազմաթիվ կասկածներ» կան: «Հանցագործությունը կատարվել է երեք հոգու ներկայությամբ: Ամբողջ նախնական փուլում մյուս կասկածյալը խոսոտավնում էր, կատարել է սպանությունը, իսկ Մհերը` մերժում, որ ինքը մասնակցել է դրան: Սակայն նույն գործով մյուս կասկածյալին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Մհերին, իբրև այն առանձին դաժանությամբ ծրագրածի` գնդահականության: Սպանվածի հարազատները ուղղակի ինչ-որ մեկին ուզում են պատժված տեսնել, բայց մենք պահանջում ենք արդար դատավարություն»,-նկատեց Իշխանյանը:
Ասուլիսին ներկա Մհեր Ենոքյանի մայրը հայտարարեց, որ սպանության օրը իր որդին քննություն է տվել և 5 ստացել, ինչը հակասական է, քանի որ այդպես հավասարակշիռ վիճակում ծրագրել սպանություն 20–ամյա երիտասարդը չէր կարող: «Մենք բոլոր դռները թակել ենք, նա երկու անգամ փախուստի դիմեց, և միանգամից հասցրել էր իր կոկորդը վնասել, իսկ հիմա երբ տեսնում է, որ այլևս հասարակական նախաձեռնությունն էլ չի կարողանում օգնել, ըստ երևույթին հուսահատվել է»,-կարծիք հայտնեց ցմահ դատապարտյալի մայրը` ընդգծելով, որ «Մհերը նրան չի սպանել, այլ փորձել է օգնել, հակառակ դեպքում նա անձամբ նրան չէր տանի հիվանդանոց»:
Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված և պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանն արդեն մեկ տարի է` ազատության մեջ է:
Մայիսի կեսերին Ենոքյանի գործով ի հայտ եկան նոր հանգամանքներ. խուզարկման ժամանակ, իրեղեն ապացույցները գրանցելու ժամանակ ընթերականներ չեն եղել, իսկ այսօր էլ այդ իրեղեն ապացույցները չեն պահպանվել։
Նախորդիվ`
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հունիսի 11-ից հրաժարվելու է թե՛ ջրից, թե՛ հացից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան