ԲՀԿ-ն մտահոգություն ունի, բայց առայժմ ձեռնպահ է մնում քաղաքական գնահատական հնչեցնելուց
««Բարգավաճ Հայաստան»-ը ամենայն ուշադրությամբ հետևելու է այս գործընթացի ողջ զարգացումներին: Պարոն Օսկանյանը, ինչպես նշել է, որոշակի քաղաքական ենթատեքստ տեսնում է: Իհարկե, մենք ևս որոշակի մտահոգություններ ունենք: Բայց առայժմ ձեռնպահ կմնանք քաղաքական գնահատական հնչեցնելուց», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարությունը:
Հիշեցնենք` Վարդան Օսկանյանը քիչ առաջ լրատվամիջոցներին հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:
Հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Սիվիլիթասի գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել և նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների և Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ինչպես նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ և անհատներ:
Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները»: Օսկանյանը նշել էր, որ «հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»:
«Կարծում եմ առաջիկա մի քանի օրերի ընթացքում գործընթացը շատ հստակ կլինի բոլորիս համար և դրանից հետո միայն «Բարգավաճ Հայաստան»-ը անպայմանորեն հանդես կգա շատ ավելի կոնկրետ գնահատականով և եզրակացությամբ: Կրկնում եմ, երևույթը մեզ համար մտահոգիչ է, և մենք որևէ հիմք չունենք չհավատալու ԲՀԿ անդամ մեր գործընկերոջ հայտարարությանը առ այն, որ իր ստեղծած ու հիմնադրած հիմնադրամը օրենքի հետ որևէ խնդիր չի ունեցել», -հավելեց տիկին Զոհրաբյանը:
Նախորդիվ` ՀՀԿ. Հարգելի պարոն Օսկանյան, ՀՀ-ում քաղաքական պատվերների ու ռեպրեսիաների ժամանակները մնացել են անցյալում
Օսկանյան. «Սիվիլիթաս»-ի դեմ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան