ԼՂՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններն ու պատգամավորական խումբը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում: Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենը իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:
Խստորեն դատապարտելով Հայաստանի և Արցախի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ և սադրիչ գործողությունները` մենք հայտարարում ենք.
- Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու և տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ,
- միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը և զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը»:
Համատեղ հայտարարության տակ ստորագրել են «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցություններ և «Արցախատուն» պատգամավորական խումբը: