«Հայաստանում գիտությունը ծանր վիճակում է գտնվում»…«Տաշիր» բարեգործական հիմնադրամը պարգևատրեց մրցույթի հաղթողներին
Հայաստանում գիտությունը ծանր վիճակում է գտնվում: Խորհրդային շրջանի 27 հազար գիտնականից այսօր ունենք մոտ 4 հազար 500 գիտնական: Այս մասին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված մրցույթների հաղթողների մրցանակաբաշխության ժամանակ ասաց նախաձեռնության անդամ, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը: Նա գիտնականների նվազման պատճառ է համարում ծերացումը և արտագաղթը:
«Բոլորիս պարտքն է կանգնեցնել այս արտահոսքը, քանի որ այսպես շարունակվելու դեպքում տարիներ անց կկորցնենք մեր գիտությունը ու կկանգնենք խնդրի առջև»,- ասաց նա:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, «Արմակադ» ցանցի հիմանդիր, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվ անդամ Խաչիկ Գևորգյանն էլ նշեց, որ այս նախաձեռնությունն գործում է 2011-ի ապրիլից, ու այս ընթացքում կազմակերպել են բազմաթիվ միջոցառումներ, գործողություններ են կազմակերպել` հասարակության շրջանում բարձրացնելու գիտության խնդիրների մասին իրազեկումը, լրագրողները շատ գրեն, քաղաքական գործիչներ շատ մտածեն գիտության մասին, անհատ ձեռներեցները, հիմնադրամները շատ գումարներ հատկացնեն գիտության ոլորտի ներկայացուցիչներին:
«Մենք շեշտը դնում ենք այն հանգամանքի վրա, որ պետք է բարձրացվի գիտության ֆինանսավորումը պետության կողմից, որն այսօր կազմում է ընդամենը 0.24 տոկոս: Պետք է հասնենք նրան, որ կրկնապատկվի ու հասնի նվազագույնը 1 տոկոսի»,- ասաց Խ. Գևորգյանը:
Նման պարագայում նա կարևորեց Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից գիտնականների ֆինանսավորումը: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված գիտական լրագրության և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվեցին 110 հոգի. 11 լրագրող (գումարը ըստ հոդվածների քանակի` 100 հազարից 600 հազար դրամ) ու 95 գիտնական (100 հազարից 1 միլիոն դրամի սահմաններում):
«Նախաձեռնությունը դիմեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, վերջինս էլ հավանության տվեց ֆինանսավորել: Վերջին տարիներին ֆինանսական որոշակի խնդիրների հետևանքով մեր մտավոր ներուժը արտահանվում է: Մեր խնդիրն է` ամեն ինչ անել պահել այդ ներուժը մեր երկրում ու խրախուսել, որ դրսում սովորող մեր երիտասարդներն էլ վերադառնան Հայաստան ու այստեղ իրենց գիտական գործունեությունը ծավալեն»,- ասաց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան