Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. զրույց արևելագետի հետ
«Այս անգամ ևս Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ պարտադրված չէ դա անել»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետում քննարկվելիք Հայոց ցեղասպանության խնդիրը` նշել է արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա` «Իսրայելի խորհրդարանում հերթական անգամ հարցի բարձրացումը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին հերթին` այն կրկին անգամ օգտագործվում է` որպես հակաքայլ ընդդեմ Թուրքիայի` ի պատասխան պաշտոնական Անկարայի առնվազն երկու վերջին գործողություներին. նախ` Թուրքիան արգելափակեց Իսրայելի մասնակցությունը ս.թ. մայիսին Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և երկրորդ` տառացիորեն երեկ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ զորավարժությունների ժամանակ Քյուրեջիքի ՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործման մասին հարցին, բացառել է ՀՀՊ-ից ստացված տվյալները կազմակերպությանը դաշնակից չհանդիսացող Իսրայելին փոխանցելու հնարավորությունը», - նշեց արաբագետը:
«Մյուս կողմից` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն Իսրայելում ակտիվ պահելու հանգամանքով միգուցե Թել Ավիվը ցանկանում է որպես «բարոյական փոխհատուցում» ներկայացնել Հայաստանին` ի պատասխան Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերության խորացման: Սակայն անհրաժեշտության դեպքում, նույն այդ հարաբերություններով պայմանավորված, Թել Ավիվը դարձյալ կկասեցնի վերջնական ճանաչումը, քանի որ մշտապես Իսրայելում Հայոց ցեղասպանության մասին ցանկացած իրադարձություն ուղեկցվում է այդ երկրում ադրբեջանական համայնքի վայնասունով, ինչին, համոզված եմ, ականատես կլինենք նաև այս անգամ:
Իսկ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է Իրանի դեմ, մինչդեռ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի Թեհրանի հետ. սա էլ պաշտոնական Թել Ավիվի պատճառաբանություններից մեկը կլինի»,- պարզաբանեց Ա. Պետրոսյանը:
«Կարծում եմ` Իսրայելի օրենսդիր մարմնում հնարավոր զարգացումների համատեքստում այս անգամ էլ հարցը կամ կդրվի քվեարկության կամ որոշում կկայացվի` հարցի քննարկումները շարունակել Կնեսետի հանձնաժողովներից որևէ մեկում, ասենք` Կրթության, մշակույթի և սպորտի կամ Պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում, որոնց շրջանակներում նախկինում մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը որևէ դրական արդյունքի չի հանգեցրել:
Իսկ դրական արդյունքերի հետ կապված թերահավատությունս պայմանավորված է այն օբյեկտիվ իրողություններով, որ Իսրայելը պատրաստ չէ կամ նույնիսկ պարտադրված չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում որևէ էական փոփոխության չի ենթարկվել Իսրայել պետության իշխանությունների դիրքորոշումը` նաև արդեն դասական դարձած հիմնավորումներով` «որ դա երկու երկրների խնդիրն է, կամ իսրայելական հասարակությունը, բավականին ջերմ վերաբերմունք ունենալով հանդերձ հայ ժողովրդի և նրա պատմության հանդեպ, դեռ պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, քանի որ հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունները հավասարեցնելով Հոլոքոստին` կնվազեցնեն դրա բացառիկությունը»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա