Պետք չէ ամեն ինչ քաղաքականացնել. Բիշարյանը` Օսկանյանի գործունեությանն առնչվող քրեական գործի մասին
«Ես, անկեղծ ասած, գործին տեղյակ չեմ, թե ինչու են պարոն Օսկանյանին հրավիրել հարցաքննության: Դա երևի թե իրավապահ մարմինների խնդիրն է, և եթե որևէ խնդիր կա, անկախ նրանից, թե ով է քաղաքացին, պարտավոր են հրավիրելու», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունը, թե իրեն կանչել են ԱԱԾ ցուցմունք տալու:
Հիշեցնենք` Վարդան Օսկանյանը երեկ լրատվամիջոցներին հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը: Օսկանյանը նշել էր, որ «հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»:
Բիշարյանն ասաց, որ պետք չէ որևէ խնդիր տեսնել կատարվածի մեջ, քանի որ «ցանկացած մարդու էլ, անկախ նրանից պատգամավոր է, թե այլ մարդ, կարող են կանչել հարցաքննության»:
Հարցին, թե նա բացառո՞ւմ է, որ Վարդան Օսկանյանի հիմնադրած հիմնադրամի գործունեության առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունենա, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Եթե այդ ստուգումների արդյունքում ամեն ինչ ապացուցվի, որ որևէ լուրջ բան չկա և իրեն պարզապես կանչել են գուցե դա քաղաքական ենթատեքստի վերածվի: Բայց ես ինքս իրավապահ մարմին չեմ և չեմ կարող գնահատական տալ կարծում եմ դա կապ չունի քաղաքական դաշտի հետ և հիմնականում առնչվում է իրավական խնդիրների հետ: Ես գտնում եմ, որ պետք չէ ամեն ինչ քաղաքականացնել: Եթե մարդը քաղաքական դաշտում է գործում, ապա դա չի նշանակում, որ ինչ առնչվում է իր հետ, պետք է քաղաքականացնել»:
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր մեկնաբանություններ այս հարցի առնչությամբ: Մասնավորապես, Հանրապետական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը կարծիք էր հայտնել, որ «քաղաքական ռեպրեսիաների ու պատվերների ժամանակը մնացել է անցյալում»: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ իրենք որոշակի մտահոգություններ ունեն, չեն վիճարկում իրենց կուսակցի հայտարարությունը «Սիվիլիթաս» հիմնադրամի մաքուր և թափանցիկ գործունեության մասին և հայտարարություն կանեն առաջիկա օրերի ընթացքում, երբ ամեն ինչ արդեն որոշակի կլինի:
Օսկանյան. «Սիվիլիթաս»-ի դեմ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա
ՀՀԿ. Հարգելի պարոն Օսկանյան, ՀՀ-ում քաղաքական պատվերների ու ռեպրեսիաների ժամանակները մնացել են անցյալում
ԲՀԿ-ն մտահոգություն ունի, բայց առայժմ ձեռնպահ է մնում քաղաքական գնահատական հնչեցնելուց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին