Արմեն Աշոտյան. «Այս տարի ընդունելության քննություններին աժիոտաժը, անհարկի լարվածությունը կտրուկ նվազել է» (լուսանկարներ)
Այսօր` ժամը 9:30-ին, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում մեկնարկեց «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունը: Հանրապետությունում քննությունը անցկացնելու համար ձևավորվել է 37 քննական կենտրոն, որից 13-ը` մայրաքաղաքում: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ են ներկայացրել 8 հազար 957 դիմորդ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Աշոտյանն այսօր այցելեց Երևանի պետական համալսարանում ձևավորված քննական կենտրոն` հետևելու միասնական քննության ընթացքին: Նախարարը զրուցեց դիմորդների հետ, հետաքրքվեց, թե հայոց լեզու և գրականություն առարկայի քննությունից ինչ միավոր են հավաքել, հետաքրքրվեց, թե ինչ տրամադրություն ունեն, նույնիսկ նրանցից մեկի զարկերակը ստուգեց, որպեսզի համոզվի` դիմորդն իրեն հանգիստ է զգում, թե ոչ: Նա դիմորդներին մաղթեց հաջողություն և կենտրոնացում:
Նշենք, որ ԵՊՀ-ում ձևավորված քննական կենտրոնում մաթեմատիկա առարկայից քննություն պետք է հանձներ 359 դիմորդ, սակայն 21-ը բացակայում է:
Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների առաջադրանքներին, որոնք կազմվել է ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարաններից, նշեց, որ երկու տարի անընդմեջ վերլուծել են մամուլում տեղ գտած հրապարակումները և պարզել, որ քննադատության 95%-ը վերաբերում է թեստերի որակին, բովանդակությանը, դրանց համապատասխանությանը ծրագրին, ուստի հետքննական ամբողջ «թոհուբոհը» պտտվում էր թեստերի որակի շուրջ:
Նա նշեց, որ այս տարի «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների քննություներն անցկացվում են շտեմարանային եղանակով, արդեն հայտնի են հայոց լեզու և գրականություն առարկայի քննության արդյունքները: «Ոչ քննության օրը, ոչ հաջորդ օրերին ծնողների կողմից որևէ դժգոհություն չունեցանք, նույնիսկ ընդդիմադիր մամուլում նուրբ վերլուծականներով խրախուսանքի ենթարկեցին մեր այս քայլը: Սա նշանակում է, որ մեր առջև դրված խնդիրը լուծված է, դա նաև դուք եք խոստովանում»,- լրագրողներին ասաց Ա.Աշոտյանը:
ԿԳ նախարարի պաշտոնակատարը նաև նկատեց, որ այս տարի աժիոտաժը, անհարկի լարվածությունը, քննությունների անկանխատեսելիության մակարդակը կտրուկ նվազել է, բացի այդ թեստերի բովանդակությունը քննարկումների առարկա չի դարձել: «Ես հուսով եմ, որ մաթեմատիկայի քննությունից հետո հետքննական քննարկումներ և դժգոհություններ չեն լինի, և մաթեմատիկայի քննությունը նույնպես կապացուցի, որ մեր բռնած ճանապարհը լավն է և կարող ենք հաջորդ տարի բոլոր քննական առարկաների քննությունները կազմակերպել շտեմարանով»,- նշեց Ա.Աշոտյանը:
Նա խոտովանեց, որ շտեմարային եղանակով քննության միջին միավորը բարձր է 2.4 բալով: Դրա նպատակը, ըստ Ա.Աշոտյանի, մեկն է, որ ընդունելությունն ավելի հեշտ լինի, իսկ ավարտելը` դժվար: «Սա կառավարության բանաձևն է: Այս մոտեցումը մեզ թույլ է տալիս ապահովել յուրաքանչյուրի կրթության համար լավ պայմաններ, իսկ ավելի խիստ ավարտական պրոցեսը թույլ է տալիս վստահ լինել, որ հասարակություն են մտնում նվազագույն որակական շեմին համապատասխանող երիտասարդ մասնագետներ»,- ընդգծեց նա և հավելեց, որ այս տարի տեղերը շատ են և դրական միավոր ստացած դիմորդները հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում:
Հիշեցնենք, որ 2012-13 թթ-ի ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16 հազար 845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում հայտագրված է 1260 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին