ԿԳՆ կողմից մշակվում է Հայաստանում առցանց քննությունների անցկացման մոդելը
Երկու կիսամյակների արդյունքներով, շուրջ 1500 ուսանող դուրս է մնացել բուհից:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքերով՝ եթե մինչ անցյալ տարի ուսանողն ունենում էր անբավարար գնահատական, վերջին լիկվիդից հետո նա դուրս էր մնում, ինչն առաջացնում էր անհասկանալի կոռուպցիոն գործողություններ և ռիսկեր:
«Այժմ մենք արեցինք այն, ինչն ընդունված է արևմտյան համալսարանական մոդելում՝ պարտքերի թույլատրելի շեմ ենք սահմանել: Այս տարի հունվարից այդ մոդելը գործում է. եթե ուսանողը զինապարտ չէ, եթե չունի բանակի հետ կապված խնդիրներ, ապա կարող է ունենալ համապատասխան թվով կրեդիտների պարտք՝ 5 տարվա ընթացքում, բայց փոխադրվել հաջորդ կուրս:
Ւհարկե, դա դժվարացնում է ուսումնառության գործընթացը հաջորդ կուրսում, բայց մյուս կողմից, մենք այդ ուսանողին չենք «չլում»՝ դեկանատ, նախարարություն, ծանոթ-բարեկամ, դիմում, ռեկտոր, նախարար և այլն»,- ասաց նա և հավելեց, որ այդ բարեփոխումը նախընտրական ենթատեքստ չունի. «Բոլոր լավ գործերը արվում են բոլոր տարիների ընթացքում, երբեմն լավ գործերը համընկնում են նախընտրական տարիների հետ, երբեմն՝ չեն համընկնում»:
Հարցին, թե ճիշտ չէ, որ ընդունելության քննությունն ընդհանրապես վերացվի, Ա. Աշոտյանն ասաց, որ ընդունելության քննության վերացում նշանակում է մրցությունը տեղափոխել ինչ-որ այլ հարթակ, օրինակ՝ դպրոց։ «Ինչ-որ մի ձևով պետք է չափվեն գիտելիքները։ Եթե Հայաստանում այս պահին հանեցինք քննությունները, ու պետք է դրանք տեղափոխենք դպրոցներ, իսկ դպրոցներում, խոստովանենք բոլորս, քննությունների ընթացքում ծագող խնդիրներն ավելի շատ ու աղմկահարույց են լինում, քան կենտրոնացված համակարգով վերահսկվող քննություններն են»,- նշեց Ա.Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվում է Հայաստանում առցանց քննությունների անցկացման մոդելը, որի համար շահել են Համաշխարհային բանկի դրամաշնորհը: «Այդ ծրագիրը կոչվում է «Ռեդ» և նախարարության կողմից ներկայացված հայտը հիմնականում նվիրված է աշակերտների գիտելիքների գնահատման խնդիրներին։ Նպատակներից մեկն այն է, որ տեսնենք, այսօր Հայաստանում կարո՞ղ են կիրառվել առցանց, մշտական գործող, համապատասխան սանդղակով սերտիֆիկացված օբյեկտիվ քննություն։ Ես ուզում եմ, որ մենք մոտ ապագայում անցնենք այդ մոդելին: Տեսնենք, թե որքանով է այսօր նպատակահարմար և արժանահավատ այդ համակարգի գործարկումը Հայաստանում»»,- ասաց Ա. Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին