Ագնեշկա Հոլանդը «Ոսկե Ծիրան»-ի պատվավոր հյուրն է լինելու
«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում կլինի աշխարհահռչակ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը, ում «Խավարում» ֆիլմը կներկայացվի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Փառատոնի շրջանակներում Հոլանդին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ համաշխարհային կինոյում վաստակի համար, տեղեկացնում են փառատոնի լրատվական ծառայությունից:
Ագնեշկա Հոլանդը ծնվել է 1948թ.: Կինոյի կրթություն ստացել է Պրահայի հռչակավոր ՖԱՄՈՒ կինոդպրոցում: Վերադառնալով Լեհաստան` սկսել է կինոյում իր գործունեությունը` աշխատելով Քշիշտոֆ Զանուսիի և Անջեյ Վայդայի հետ` որպես օգնական, հետագայում` նաև սցենարի հեղինակ: Համահեղինակ է այնպիսի ճանաչված ֆիլմերի, ինչպիսիք են Անջեյ Վայդայի «Դանտոն», «Կորչակ», «Սեր Գերմանիայում», «Առանց ցավազրկման» և այլ ֆիլմերը եւ Քշիշթոֆ Կեսլյովսկու «Երեք գույն» ֆիլմերը: 1970-ականներից ստեղծում է իր հեղինակային ֆիլմերը, և արդեն 1978թ. իր առաջին լիամետրաժ «Գավառական արտիստները» ֆիլմի համար արժանանում Կաննի կինոփառատոնի ՖԻՊՐԵՍՍԻ ժյուրիի մրցանակի:
Ագնեշկա Հոլանդը այն եզակի կին ռեժիսորներից է, ում հաջողվել է աշխատել և կայանալ Հոլիվուդում: Միացյալ նահանգներում նա հատկապես հայտնի է «Օսկարի» նոմինանտ "Զայրույթի բերք» (Angry Harvest), «Եվրոպա, Եվրոպա» ("Europa, Europa"), և «Ուորներ Բրոդերս» ընկերության հետ ստեղծված «Օլիվեր, Օլիվեր» ("Olivier, Olivier") ու «Գաղտնի այգին» ("The Secret Garden") ֆիլմերով: Նրա ֆիլմերը ներկայացվել են աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում: Արժանացել է Կաննի (1980), Գդանսկի (1981), Բեռլինի (1981), Մոնրեալի (1985,1987), Վենետիկի (2002թ.), «Ոսկե գլոբուս» (1991) մրցանակների: Հոլանդի ֆիլմերը երեք անգամ նոմինացվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» համար:
«Ոսկե ծիրան»-ի ծրագրում ընդգրկված «Խավարում» ֆիլմը, որ հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է շրջափակման մեջ գտնվող Լվովում հրեա փախստականների փրկության պատմությունը, 2012թ. Օսկարի հինգ նոմինանտներից մեկն էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: