Հանձին Զուրաբյանի` ՀԱԿ-ն ստանձնել է երկրի 5-րդ շարասյան դերը
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունների որակումը որպես «բաց և մրցակցային» և նրա պատրաստակամությունը` աջակցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը, քանի որ վերջինս հրաշալի առաջնորդ է, զրկել է հայոց ընդդիմությանը ոչ միայն հանգստից, այլև խոսելու ունակությունից, քանի որ նույնիսկ նախագահի ամենավառ ընդդիմախոսները չհամարձակվեցին հրապարակայնորեն մեկնաբանել Հիլարի Քլինթոնի հայտարարությունը»,-գրում է «Голос Армении»-ն:
Թերթը գրում է, որ արևմտյան գործիչների և ամերիկամետ ուղղվածություն ունեցող ռուսական քաղաքական ուժերի հետ «քաղաքական կոկետություններից» հետո ՀԱԿ-ը լիովին զրկեց ինքն իրեն արտաքին քաղաքական դիրքավորումից: Քլինթոնի հայտարարության համատեքստում Կոնգրեսը հանդես է գալիս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի քաղաքական մեկուսացման հայտարարություններով` սպառնալով ձեռնարկել ՀՀ նախագահի իմպիչմենտի գործընթացը: Ինչպես նշում է թերթը, ՀԱԿ-ն` ի դեմս իր քաղաքականությունից բավականին հոգնած առաջնորդի, չի ցանկանում հասկանալ, որ խորհրդարանում 7 մանդատ ունենալը քաղաքական պարտության հոմանիշն է:
«Ադրբեջանցի դիպուկահարներն օր ու գիշեր կրակում են սահմանագծում, թշնամու դիվերսիոն գործողությունները խլում են հայ զինվորի կյանքը, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարում է, թե ուժերի բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի»,-գրում է թերթը` նշելով, որ նման վտանգավոր և ապակառուցողական հայտարարությունն անտարբեր չթողեց նույնիսկ նախկին արտգործնախարար, ներկայումս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին: Վերջինս շեշտեց, որ վտանգավոր է նման հայտարարություններ անել, «երբ խոսքը գնում է մեր երեխաների անվտանգության և ապագայի մասին»: «ГА»-ն նկատում է, որ Ադրբեջանի կողմից արտաքին շանտաժի պայմաններում Տեր-Պետրոսյանի շրջապատը շարունակում է հինգերորդ շարասյան դեր ստանձնել` փորձելով իրականացնել ներքին քաղաքական շանտաժ: