Կառավարությունը որոշեց` մանկատունը կվերափոխվի. Ի՞նչ է լինելու առողջ երեխաների հետ
Կառավարության անցած շաբաթվա նիստում փոփոխություն կրեց կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, համաձայն որի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի գործունեությունը համապատասխանեցվել է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերին։ Ըստ այդմ նախատեսվում է մանկատանն իրականացնել կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 0-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Ի՞նչ է լինելու այն երեխաների հետ, որոնք առողջ են ու հատուկ մասնագիտական օգնության կարիք չունեն, պարզապես ինչ-ինչ պատճառներով հայտնվել են մանկատանը: Panorama.am-ի հետ զրույցում հաստատության տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, արձագանքելով հարցին նշեց, որ նման որոշում կայացնելու պահը վաղուց էր հասունացել և հաստատությունը լիովին պատրաստ է այս փոփոխությանը: Տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ մանկատանը խնամվում է 92 երեխա, որից 78 -ը հատուկ կարիքով երեխաներ են` ունեն բազմապիսի ֆիզիկական ու մտավոր զարգացման խնդիրներ:
Այսինքն, սա նշանակում է, որ շուրջ 15 երեխայի ապագայի վերաբերյալ հաստատությունն արդեն այսօր պետք է հոգ տանի, քանի որ կառավարության որոշումը ուժի մեջ է մտնում արդեն 2013թ-ի հունվարի 1-ից. «Մանկատունն այսօր 15 երեխայի խնդիր ունի, նախապատրաստում ենք նրանց հետագա մասնագիտացման համար, քանի որ երեխաները մեզ մոտ հաճախել են տարբեր խմբակներ, ինչպես նաև երաժշտական դպրոց»,- տեղեկացրեց տիկին Մկրտչյանը:
Թեև մանկատունը նախատեսված է 0-18 տարեկան երեխաների խնամքի համար, սակայն այդ 15 երեխաներից, ում ապագան դեռևս մշուշոտ է, միայն մեկն է, որ 16 տարեկան է, մնացածը մինչև 15 տարեկան տարիքային խմբում են:
Ինչ վերաբերում է նրանց ապագային, տիկին Մկրտչյանը նշեց, որ հենց այսօրվանից սկսում են լայնածավալ մի գործընթաց հայտնաբերելու այդ երեխաների հարազատներին.«Աշխատանք է տարվում, որպեսզի հայտնաբերենք 15 երեխաների հարազատների, բարեկամների, ծնողների` ում ունեն: Այդ գործընթացը պետք է ավարտենք շատ կարճ, մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի տեսնենք, թե ո՞ր երեխային ինչ կարգավիճակ ենք առաջարկելու: Իրականացնելու ենք գրագետ ծնողավարության աշխատանքներ, որպեսզի հստակեցնենք, թե որ ծնողը որ երեխային ինչ կարգավիճակ է ընտրում: Եթե, շեշտեմ, ծնողը նորմալ վիճակում է` հարբեցող չի և այլն»,- ներկայացրեց նա առաջիկա ծրագրերը:
Մեր այն հարցին, թե երբ հայտնաբերվի, որ ծնողը հենց այդ կարգավիճակն ունի և բացառվի երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձը, ի՞նչ է լինելու առողջ երեխաների հետ, մանկատան տնօրենը արձագանքեց. «Առաջին հերթին մենք պետք է աշխատենք երեխային վերադարձնենք կենսաբանական ընտանիք, եթե դա չստացվի, ապա գիշերօթիկ հաստատությունների հետ մենք զրուցենք ու պայմանավորվենք, որ գոնե ուսումնական գործընթացի ժամանակ` 9 ամիս մնան գիշերօթիկներում, իսկ երեք ամիսը ծնողի հետ կապի ամրապնդման համար երեխաները գնան տուն»:
Պարզաբանենք` ոչ բոլոր երեխաների ծնողներն են, որ հրաժարվել են նրանցից` 92 երեխաներից միայն 19-ն են, որ հրաժարված ծնողների երեխաներ են: Այդ իսկ պատճառով հասկանալի է հաստատության փորձը կապվել կենսաբանական ընտանիքների հետ ու փորձել հարցը կարգավորել այս ճանապարհով: Թեև կան երեխաներ, ում ծնողը կալանավայրում է և այս խնդրի հետևանքով է, որ նա հայտնվել է մանկատանը. «Հիմնականում երեխաները հատուկ խնդիրներ են ունեցել, կամ ծնողները հանրապետությունում չեն, կալանավայրում են կամ հոգեբուժարանում: Օրինակ, մենք ունենք մի քանի ծնող, որ այսօր կալանավայրում են ու հաստատ գիտենք, որ երեխաներին հետ են վերցնելու: Բայց ոչ բարեկամ ունի, ոչ ծանոթ ու երեխան ստիպված պետք է մանկատուն գնա, ոչ թե գիշերօթիկ: Իսկ ահա մյուս ծնողների պարագայում, որոնք, ենթադրենք, Հայաստանում չեն, նրանց պետք է հայտնաբերենք ու փորձենք հստակեցնել երեխայի կարգավիճակը»,- թվարկեց Հ.Մկրտչյանը:
Նա նաև ավելացրեց, որ խնամքի այլ հաստատություններ էլ կան, պարզապես լավ ուսումնասիրել է պետք այն:
Բավականին բարդ այդ գործընթացը իրականացվելու է մանկատան ու ոստիկանության ուժերով, անչափահասների բաժինների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև ՏԻՄ մարմինների աջակցությամբ: Եվս մեկ անգամ նշելով, որ որոշումը ճիշտ է, Հ.Մկրտչյանը մեր հարցադրմանն ի պատասխան, թե ի՞նչ խնդիր այն կարող է պարունակել, նշեց միայն, որ խնդիրը կադրերն են.«Մեր խնդիրը նա է, որ հատուկ մասնագետներ լինեն` ֆիզիոթերապևտ և այլն, մոտ 4-5 հաստիքի խնդիր է առաջանում, բայց նախարարությունն այս իմաստով պատրաստակամ է աջակցել: Եթե լինեն նման մասնագետներ, ապա այլ խնդիր չենք ունենա»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը 1999թ. հունվարի 1-ից եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ, որպես Հատուկ տիպի մանկատուն, այնուհետև 2003-2007թթ. մանկատունը գործել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ, որպես Երևանի Հատուկ տիպի մանկատուն և 2007թ. հոկտեմբերի 1-ին մանկատունը վերանվանվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ի: Մանկատանը խնամվում են առանց ծնողական խնամքի մնացած 0-18 տարեկան առողջ, մտավոր և ֆիզիկական թեթև արատներ ունեցող երեխաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին