«Արարատ-ցեմենտ»-ը չի աշխատում. աշխատակիցները ցայտնոտի մեջ են
«Արարատ-ցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքը. աշխատակիցները գործազուրկ են դարձել:
Հիշեցնենք՝ «Արարատ ցեմենտ»-ը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական գործարաններից է, որը պատկանում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին, իսկ 2002-ին ձեռնարկության սեփականատերը դարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մեր ունեցած տեղեկություններով, գործարանը դադարել է աշխատել մայիսի 26-ից (մասնակի, թե ամբողջովին՝ հայտնի չէ), պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Բնակիչների շրջանում խոսվում է, թե գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական քայլերի հետ է կապված:
Փորձեցինք կապ հաստատել գործարանի տնօրինության հետ՝ պարզելու ստեղծված իրավիճակի իրական պատճառները, սակայն գործադիր տնօրենը «անմատչելի» էր մեզ համար, ստիպված՝ վերջինիս գործավարուհու հորդորով դիմեցինք «Արարատ-ցեմենտի» կոմերցիոն տնօրենին՝ «քանի որ բոլոր հարցերով սովորաբար իրեն են դիմում»:
Կոմերցիոն տնօրեն Արման Բարսեղյանն էլ,իր հերթին, խուսափեց պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին և անջատեց հեռախոսը:
Հավանաբար, գործարանի տնօրինությունն այսպես է դրսևորել իրեն նաև այն դեպքում, երբ անորոշության մեջ հայտնված աշխատակիցները իրավամբ պարզաբանում են պահանջել:
«Սաղս էլ ընտանիք ունենք, հազար հոգսեր ունենք, AGBA բանկի Արարատի մասնաճյուղից վարկեր ենք վերցրել, ի՞նչ ենք անելու, չգիտենք..»,-դժգոհում են աշխատակիիցները:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արարատ- ցեմենտ»-ում վերջին օրերին ստեղծված իրավիճակը մեծապես պայմանավորված է տնօրինության կազմի հնարավոր փոփոխությունների հետ: Հնարավոր է Սարգսյանները վերականգնեն նախկին ավանդույթները և տեր կանգնեն գործարանի իրենց մասնաբաժնին, ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց Արմեն Սարգսյանն էլ մոտ օրերս կնշանակվի գործարանի գործադիր տնօրեն:
Թերևս այս խոսակցությունների պատճառով էլ պարապուրդի մատնված աշխատակազմը հետ կանգնեց ընդվզելու և պիկետ անելու մտադրությունից մինչև տեսնեն ինչ է լինելու:
Ի դեպ, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը պատասխանելով Panorama.am-ի` այս թեմայի վերաբերյալ հարցին ասել է, թե ինքն այդ մասին տեղյակ չէ, իսկ հարցին, թե այդուհանդերձ իրավիճակը կարո՞ղ է կապ ունենալ կոալիցիա չմտնելու վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարության հետ հարցին, պարոն Օսկանյանը ասել է. «Ես ոչինչ չգիտեմ այդ մասին, լավ կլինի, որ գործարանից ձեր հարցերին պատասխանեն»:
Նույն հարցի առնչությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Panorama.am-ին տվել է հետևյալ մեկնաբանությունը. «Ես չգիտեի այդ մասին, բայց եթե անգամ գործարանը չի աշխատում, չեմ կարծում թե դա որևէ առնչություն կարոող է ունենալ պարոն Ծառուկյանի քաղաքական քայլերի հետ: Սուտ է, հարյուր տոկոսով սուտ է, դրանք ընդամենը զուգադիպություններ են: Չի կարող քաղաքական մոտեցում լինել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որ ինչ որ տեղ ճնշեն, վնասներ տան, եթե հարկային պարտավորությունները չկատարեն, հարկերը թաքցնեն, այո, ով էլ լինի, միևնույն է պիտի բերեն հարկային դաշտ: Ես բացառում եմ, որ այս դեպքը ինչ որ ճնշում է Գագիկ Ծառուկյանի բիզնեսի նկատմամբ: Բացառում եմ, որ քաղաքական ճնշում լինի որևէ մեկի նկատմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան