Ա.Զաքարյան. Միջազգային հանրությունը հասկանում է` ԼՂ հարցում Թուրքիան օբյեկտիվ դերակատարություն ունենալ չի կարող
«Հայ-թուրքական հարաբերությունները, և դա միշտ ենք ասել, օրակարագային խնդիր է և Թուրքիայից կախված գործընթաց: Բայց իսկապես` ամերիկյան քաղաքական շրջանակները փորձում են թարմացնել այդ գործընթացը և Թուրքիան դեռևս ունի շանսեր ու հնարավորություն այդ գործընթացը դրական հունով տանելու»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե վերջերս ակտիվացել են խոսակցությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման իմաստով և ինչո՞վ է դա պայմանավորված, նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Համաձայնելով, որ խոսակցությունները շատ են, արձանագրությունների հիշատակումներն էլ ոչ պակաս, այդուհանդերձ մեր զրուցակիցը նշեց, որ Թուրքիան չի շտապում. «Հակառակը` Թուրքիան շարունակ փակուղում է պահում այդ հարցը խոսելով նախապայմանների լեզվով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրից և այլն: Եվ սա այն դեպքում, երբ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ հարցում Թուրքիան օբյեկտիվ դերակատարություն ունենալ չի կարող»,- նշեց Ա.Զաքարյանը:
Խնդիրը, շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը, որևէ մեկը միայն երկու պետությունների տիրույթում չի դիտարկում` դա գլոբալ տարածաշրջանային նշանակության հարց է: Ու միջազգային հանրությունը հենց սրանով պայմանավորված պարբերաբար որոշակի հիշեցումների կարգով վեր է հանում հարցը ու փորձում Թուրքիային ավելի դրական տրամադրել գործնական քայլեր կատարելու համար.«Նկատի ունեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ֆիլիպ Գորդոնի և այլոց հայտարարությունները»,- հավելեց իր խոսքը Ա.Զաքարյանը:
Հիշեցնենք, հունիսի 4-ին տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ասուլիսում հայտարարել էր. «Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև բարելավված հարաբերություններ, քանի որ դա արդյունավետ կլինի երկու երկրների ժողովուրդների համար: Մենք, իրոք, աջակցում ենք հայ-թուրքական արձանագրությունների` առանց որևէ նախապայմանների ստորագրմանը: Ողջունում ենք Հայաստանին և անձամբ պարոն նախագահին, որ այս հարցում բավականին ջանքեր է գործադրել»,- մասնավորապես հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նշեց նաև, որ «գնդակը դեռևս Թուրքիայի դաշտում է»:
Նախորդող` http://www.panorama.am/am/politics/2012/06/04/clinton-armenia-turky-reletions/
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա